ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանի և Հարավային Կորեայում Դանքուկի համալսարանի գիտնականները հայտնաբերել են COVID-19 հիվանդությունը առաջացնող SARS-CoV-2 կորոնավիրուսի մի քանի գենետիկ տարատեսակներ։ Այս տարատեսակները միմյանցից տարբերվում են ՌՆԹ-գենոմներում նուկլեոտիդային հաջորդականություններով։
Գիտնականների խոսքերով՝ առայժմ անհայտ է, թե կապված է արդյոք այս վիրուսների բազմազանությունը COVID-19 հիվանդության ելքի հետ և կարող է արդյոք ազդել վակցինայի մշակման վրա։ Հետազոտության արդյունքները հասանելի են bioRxiv ռեպոզիտորիայում հրապարակված նյութում։
Ինչպես պատմում է Lenta.ru-ն, վերոնշյալ գիտնականները վերլուծել են վիրուսի միաշղթա ՌՆԹ-հաջորդականությունները, որոնք ի հայտ են եկել SARS-CoV-2-ով 11 132 պացիենտների մոտ և պահպանվել են GISAID տվյալների բազայում, որը տեղեկատվություն է պարունակում կորոնավիրուսի լիարժեք կամ մասնակի հաջորդկանությամբ գենոմների մասին։ Նրանք զույգերով համեմատել են 2540 նուկլեոտիդային հաջորդականություններ՝ որոշելով նուկլեոտիդային փոխարինումները՝ կետային մուտացիաները, որոնց դեպքում ՌՆԹ հաջորդականության մի նուկլեոտիդը փոխարինվում է մյուսով։ Այսպիսով, գիտնականներին հաջողվել է չափել աշխարհի տարբեր մասերից պացիենտներից վերցված տարատեսակ SARS-CoV-2 գենոմների նմանության մակարդակը։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի եվրոպական և հյուսիսամերիկյան նմուշների մեջ առանձնացնել 4 մեկուսացված ճյուղեր (կլաստերներ): Դրանցից 2-ը հիմնականում եվրոպական են, մեկը բնորոշ է ԱՄՆ-ին, իսկ վերջինը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ից և Եվրոպայից վիրուսների խառնուրդ: Հետաքրքիր է, որ միայն մեկ գերակշռող եվրոպական մասնաճյուղ ուղղակիորեն կապված է Չինաստանից վիրուսների հետ: Վերջիններս կազմում են «բնօրինակ» վիրուսների կլաստերը, որոնք Ասիայից ընկել են Եվրոպա և ԱՄՆ: Մեկ այլ ճյուղ պարունակում է գենոմներ Եվրոպայից, Ճապոնիայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:
Այսպիսով, գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի գենոմները տատանվում են՝ կախված տարածաշրջանից, և տարբերություններ կան Ասիայից և արևմտյան երկրներից վիրուսների միջև:
Ամենայն հավանականությամբ, սկզբնապես SARS-CoV-2-ի գենետիկ կազմն ավելի համասեռ է եղել, սակայն հետո հայտնվել են տարբեր ճյուղեր: Վիրուսի տարածումը ամբողջ աշխարհում հանգեցրել է գենոմների ավելի մեծ բազմազանության: Վերլուծության արդյունքները համապատասխանում են համավարակի զարգացման պատկերին, եզրակացնում են ուսումնասիրության հեղինակները: Նրանց կարծիքով, պատվաստանյութերի մշակման աշխատանքները պետք է հաշվի առնեն COVID-19-ի հարուցչի գենետիկական փոփոխականությունը: