Այս տարվա փետրվարին էր, տաքսիով Խարկովից գնում էինք Կոնստանտինովկա, որտեղից ուկրաինացի կամավորականները մեզ պիտի տանեին շփման գծին մոտ գտնվող Ավդեեւկա քաղաքը։ Տաքսիստին հարցուփորձ էի անում երկրում տիրող իրավիճակի մասին, ինքն էլ բոլոր տաքսիստների նման` չճշտված տեղեկություններով ու խառնափնթոր դատողություններով, ներկայացնում էր դրությունը։ Հարցրի՝ իսկ ո՞նց եղավ, որ քաղաքականության հետ կապ չունեցող դերասանը (Վլադիմիր Զելենսկին) նախագահ դարձավ։ Վարորդը որոշ դադարից հետո կարճ կապեց՝ соросята, որը կարելի է թարգմանել «սորոսականններ» կամ ավելի ճիշտ՝ «Սորոսի ճտեր»։
Հետո անցանք ռուս-ուկրաինական հարաբերություններին։ Այս հարթությունում, ըստ տաքսիստի՝ Զելենսկին Պուտինի դրածոն էր։ Ուշադրություն՝ Պուտինին ցանկալի մարդուն իշխանության են բերում սորոսականները։ Երբ հեգնեցի զույգ դատողությունների անհամապատասխանությունը, տաքսիստն իրեն չկորցրեց. «Իսկ դուք մոռացե՞լ եք, որ նա Կոլոմոյսկու մերձավորն է»։ Չգիտե՞ր, թե խնայեց, բայց չասաց, որ հայտնի օլիգարխ Կոլոմոյսկին հրեա է, Իսրայելի քաղաքացի։
Հասանք Կոնստանտինովկա։ Ձնախառն անձրեւ էր գալիս։ Կամավորականների ջոկատի փոխհրամանատար Միկոլան եկավ, շարժվեցինք դեպի Ավդեեւկա։ Վատ եղանակի պատճառով դանդաղ էինք ընթանում։ Միկոլան Սորոսի դավադրությանը, Պուտինի միջամտությանը, Կոլոմոյսկու խաղերին չանդրադարձավ։ Երբ արդեն զորանոցում հարցազրույց էինք անում, ակնարկելով Զելենսկու հանկարծահաս վերելքն՝ ասաց. «Մենք այստեղ ենք, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան»։
Նկարից սոցիալական հեռավորություն պահպանելով՝ գտեք տարբերությունը։
Մնացյալը շուտով «Մայդան։ Անվերադարձ ճանապարհ» ֆիլմում։
Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: