Տարրական դպրոցում գնահատման համակարգը հանելու շուրջ քննարկումները թե՛ մասնագետների, թե՛ հանրության շրջանում դեռ երկար կընթանան։ Իսկ որքանո՞վ է մեր կրթական համակարգը պատրաստ այս փոփոխությանը, ի՞նչ ձեռքբերումներ կունենանք եւ ինչպիսի՞ խնդիրների առջեւ կկանգնենք նման փոփոխության արդյունքում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացնելիս շատ հազվադեպ ենք մտածել այն մասին, թե որքանով ենք պատրաստ նորին. «Բարեփոխումների գործընթացում ամենալավ գաղափարն ու մտահղացումը կարող են խեղաթյուրվել, եթե լավ չես պլանավորում հնարավոր ռիսկերը, համակարգի ռեակցիան։ Օրինակ՝ հիմա առաջին դասարանում չունենք թվանշան, բայց տարբեր ուսուցիչներ տարբեր հնարքներ են կիրառում՝ աստղիկներ են դնում, «կեցցես» կամ «ապրես» ասում եւ փաստորեն շարունակում են գնահատել աշակերտին։ Եթե փոխվում է նշանային համակարգը, ապա դա չի նշանակում, որ թվանշանը հանվում է»։
Գաղափարն ինքնին կրթության փորձագետը միանգամայն լավն է համարում, քանի որ նպատակը երեխաների մեջ սովորելու եւ գիտելիքի հանդեպ սեր առաջացնելն է, իսկ մնացյալը, ինչպես օրինակ՝ թվանշանը, ընդամենը դրան հասնելու միջոց է։ Մինչդեռ այսօր ունենք մի իրավիճակ, երբ թվանշանը դարձել է նաեւ նպատակ։ Կան ծնողներ, որոնց չի հետաքրքրում, թե իրենց երեխայի գիտելիքն իրապես համապատասխանում է ստացած թվանշանին, թե ոչ։ «Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ երեխայի գիտելիքները ցածր են՝ 6-7 միավոր, բայց ծնողը խնդրում է, որպեսզի 8 կամ 9 թվանշանը դնեն։ Թվանշանը չի կարող լինել կրթության նպատակը, այն պետք է լինի գիտելիքը չափող գործոն։ Այս տեսանկյունից առանց թվանշան կրթությունը շատ լավ բան է, մանավանդ կրտսեր դպրոցում, որովհետեւ երեխաները նոր են մուտք գործում դպրոց եւ առաջնայինը նրանց մեջ սովորելու հանդեպ սեր արթնացնելն է, այլ ոչ թե թվանշաններ բաշխելը»,–ընդգծեց Ս. Խաչատրյանը։