Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեր հարցումները համարում է անհեթեթ:
Նա այդպես է գնահատել մեր հոդվածը հրապարակումից հետո: Զարմանալի չէ, որ այսօր կենտրոնացած ենք առողջապահության համակարգի վրա:
Երբ Covid-19 վարակը սկսեց տարածվել, մեր թիմով որոշեցինք տվյալների բազա սարքել: Մենք բժիշկներ չենք, բայց մտածում էինք, որ եթե այդ տվյալները մանրամասն հավաքենք, նույնիսկ հնարավոր կլինի օգնել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և գործողություններ պլանավորել: Տվյալների բազաների հետ աշխատողները դա շատ լավ պատկերացնում են ու գիտեն, որ առանց տվյալների պարզապես անհնար է ինչ-որ բան պլանավորել: Ի՞նչ տվյալներ էինք ուզում հավաքել: Կարճ՝ ամեն ինչ. վարակվածները երբ, որ երկրներից են եկել, որն է եղել ելքի երկիրը, որ ավիաընկերության չվերթով են եկել, ուզում էինք պարզել տարիքը, սեռը, ավելի ուշ մտածեցինք իմանալ նաեւ արյան խումբը, բնակության վայրը, մեկուսացման վայրը: Բոլոր այս դեպքերում որեւէ մեկի անձնական տվյալը հայտնելու անհրաժեշտություն չկար, եւ մենք անձնական տվյալ չենք պահանջել մեր հարցումներում: Ընդ որում՝ դա պետք է արվեր ամեն օր, որովհետեւ գիտեինք, որ տվյալներն օր օրի փոխվելու են, եւ հսկայական շտեմարան է դառնալու: Այդ գործը պետք է աներ խմբագրությունում այդ նպատակով ձեւավորված խումբը: Այս ամենը նկարագրում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան լուրջ էինք մոտենում հարցին:
Սակայն, այս հարցումների պատասխանները չստացանք, մեր գրություններին իբրեւ արձագանք՝ ասում էին, որ հնարավոր է պատասխանել 30 օրվա ընթացքում: Հասկացանք, որ մեր գաղափարից պետք է հրաժարվենք, նախարարությունն էլ արդեն սկսեց հրապարակել որոշ տվյալներ, որը մեր ստեղծելիք տվյալների շտեմարանի հետ կապ չուներ, իսկ մեր պահանջած տեղեկությունների մի մասը համարեցին անձնական տվյալ, օրինակ՝ վարակվածների սեռը: Հետո ինչ-որ պահից՝ նախարարությունն իր հրապարակած տվյալներում սկսեց նշել նաեւ սեռը։
Որոշ ժամանակ անց տարբեր երկրներում եղան բացահայտումներ այն մասին, որ բժշկական հանդերձանքի, սարքավորումների մեջ կա կեղծ արտադրանք, չեն համապատասխանում մշակված չափորոշիչներին: Նման դեպքեր եղել են նաեւ միջազգային տարբեր կառույցների մարդասիրական օգնություններով տրամադրված բժշկական հանդերձանքների, սարքավորումների, դիմակների պարագայում: Առողջապահության նախարարությանը խնդրեցինք տեղեկություններ տալ, թե որ ընկերություններն են հանդերձանք եւ սարքավորումներ ներկրել Հայաստան, որ երկրների արտադրանք են:
Նման մտահոգություն առաջացել էր այն պատճառով, որ Հայաստանում բուժանձնակազմի շրջանում վարակվածությունը նույնպես բարձր տոկոս է կազմում: Պատասխանեցին՝ նման տվյալներ չունեն, այսինքն՝ չգիտեն:
Մայիսի 9-ին և 12-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում այրվել են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, որոնց միացված են եղել կորոնավիրուսով հիվանդներ։ Այդ երկու հրդեհների արդյունքում մահացել է կորոնավիրուսով 5 հիվանդ: Մենք որոշեցինք պարզել՝ արդյոք թոքերի արհեստական օդափոխման՝ ռուսական արտադրության այդ սարքավորումներից Հայաստան ներկրվել են, մեր բժշկական կենտրոններում կա՞ն նման սարքավորումներ:
Պատասխանը՝ գույքագրում չեն արել:
Ամբողջությամբ՝ hetq.am