Կենսաբան Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Վերջին 30 տարվա ընթացքում FDA կողմից հաստատված հակավիրուսային դեղամիջոցների միայն 15% է, որ ճնշում է վիրուսին՝ թիրախավորելով բջջային մեխանիզմները, որոնք կարևոր են վիրուսի համար։ Մնացած դեղամիջոցները ուղիղ ազդում են վիրուսային սպիտակուցների վրա։ Օրինակ, հայտնի լամիվուդինը ազդում է ՄԻԱՎ-ի վրա՝ ճնշելով վերջինիս պոլիմերազ ֆերմենտը։ Սակայն, բոլոր ուղիղ ազդման հակավիրուսային դեղամիջոցները ունեն մի մեծ թերություն․ վիրուսները, փոխելով իրենց սպիտակուցների կառուցվածքը, արագ ձեռք են բերում ռեզիստենտություն դեղերի հանդեպ։
Բջջային մեխանիզմները թիրախավորող դեղամիջոցների դեպքում վիրուսների սպիտակուցներում առաջացող փոփոխությունները գրեթե չեն հանգեցնում ռեզիստենտության։ Ավելին, բջջային շատ մեխանիզմներ այնքան հիմնարար են գրեթե բոլոր վիրուսների համար, որ դրանց թիրախավորող դեղամիջոցները կարող են օգտագործվել մեկից ավել վիրուսների դեմ։ Նման միացությունները կոչվում են լայն սպեկտորի հակավիրուսային դեղամիջոցներ։
Առաջիկայում, իմ խումբը փորձելու է թիրախավորել բջջային մի քանի հիմնարար պրոցեսներ, որոնք կարևոր են վիրուսների համար։ Եթե ստացվի, ապա կունենանք թեկնածու դեղամիջոցներ ոչ միայն խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի, այլ նաև մարդկանց համար կարևոր վիրուսների դեմ։ Ու այդ գործը գլուխ բերելու համար մեր թիմը ընդլայնվել է։ Մեզ են միացել Գարի Չիլինգարյանն ու Թամարա Հակոբյանը։
Բարի գալուստ թիմ»։