Շրջակա միջավայրի նախկին նախարարի նոր «լվացքատունը»
Advertisement 1000 x 90

Շրջակա միջավայրի նախկին նախարարի նոր «լվացքատունը»

Հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ ՀՀ ՇՄ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու` վարչապետի հանկարծակի որոշումը: Ի դեպ, Է. Գրիգորյանը հեռացվեց կայծակնային արագությամբ, տպավորություն ստեղծվեց, թե վարչապետին սարսափելի տեղեկություն էին հայտնել: Սովորաբար, նման դեպքերում գործ ենք ունենում կա՛մ փողերի լվացման, կա՛մ նման ծանրության հանցագործությունների հետ:

Կարծես, այդ կասկածները միս ու արյուն են ստանում, երբ ուսումնասիրում ենք Էրիկ Գրիգորյանի նորաստեղծ, արդեն իսկ ռելսերի վրա դրված կայքը, որում նա ներկայանում է որպես «Բնապահպանական խումբ» ՍՊԸ-ի նախագահ: Մեզ չհաջողվեց գտնել նման ՍՊԸ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում պարզ պատճառով` նման ՍՊԸ պարզապես չկա: Կայքի նպատակն այլ է:

ՍՊԸ-ի կայքը միայն անգլերեն լեզվով է, եւ հատկանշականն այն է, որ ծառայություններ է առաջարկում Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրներին, Ռուսաստանին եւ ամենակարեւորը` Արաբական Միացյալ Էմիրություններին:

Հանրությունը լավ հիշում է Էրիկ Գրիգորյանի մշտական այցերն Էմիրություններ: Շրջանառվող լուրերի համաձայն` նա այնտեղի կազինոներում մոտ 1 մլն դոլարի ներդրում էր արել, եւ դարձյալ պտտվող լուրերի համաձայն` այդ գումարն անհետացել էր բնապահպանական միջազգային դրամաշնորհներից մեկի հաշիվներից:

Կասկածներն ավելի են խորանում, երբ ուսումնասիրում ենք տեղական փորձագետների կազմը: Նրանք հանրությանն անհայտ, սակայն բնապահպանությանը մոտ կանգնած մարդկանց հայտնի` միջազգային դրամաշնորհ լվացողներ են: Այսպես` բազմաթիվ հրապարակումներ են եղել Բնապահպանության նախարարության հովանու ներքո իրականացվող Կլիմայի փոփոխության ծրագրերի ղեկավար Դիանա Հարությունյանի մասին, որը տարիներ շարունակ իր խմբով «իրականացնում է» միլիոնավոր դոլարների ծրագրեր, վերջերս էլ դրանցից մեկի միջոցներով մեքենա էր նվիրել Էրիկ Գրիգորյանին:

Փորձագետների կազմում են Ռուզաննա Ոսկանյանը, որն Էրիկ Գրիգոյանի խորհրդականն էր, հետո` «Բնապահպանական փորձաքննության» պետը եւ, ըստ նախարարության աշխատակիցների, մարդ, որին առանց մրցույթի Էրիկ Գրիգորյանը նշանակել էր ՇՄ նախարարության ԾԻԳ-ի ղեկավար, որը իրականացնում է միջազգային դրամաշնորհներով ծրագրեր:

Հատուկ պետք է նշվի փորձագետ Օլիմպիա Գեղամյանի ներկայությունը ցուցակում: Նա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնի անվան տակ, իր կնքամայր Աիդա Իսկոյանի հետ, մոտ երկու տարի է` ապարդյուն առաջ է տանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակման օրինագիծը: Հիմա պարզ է, որ նրանք այդ նպատակով միջազգային դրամաշնորհ էին ստացել հենց Էրիկ Գրիգորյանի պատվերով:
Փորձագետների ցուցակում է նաեւ Նարինե Սողոմոնյանը` Էրիկ Գրիգորյանի խորհրդականը, որը ջանասիրաբար պաշտպանում էր Էրիկ Գրիգորյանի` տեղեկատվությունը սահմանափակելու նկրտումները:

Աչքի է ընկնում այն փաստը, որ ՍՊԸ-ն առաջարկում է ծառայություններ, որոնք կարող են մատուցվել միայն Հայաստանում եւ, ըստ էության, կրկնում են ՀՀ ՇՄ նախարարության գործառույթները:

Ի՞նչ է ստացվում է, որ նախարարությունից մի փաստաթուղթ ստանալու համար Էրիկ Գրիգորյանի թրի տակո՞վ պետք է անցնել, եւ ստացվում է, որ Էրիկ Գրիգորյանն այսօր դեռ կառավարո՞ւմ է ՇՄ նախարարությունը:

Բայց այս պարզ սխեմայի տակ մի լուրջ խնդիր է թաքնված:  Մի տարօրինակություն` ՍՊԸ-ն պատվերներ է ընդունում այլ պետություններից` Ռուսաստան, Էմիրություններ եւ այլն: Այսինքն` ստացվում է, որ այդ կայքի իրական նպատակն է միջազգային դրամաշնորհներով ձեռք բերված գումարները դրսից եկած պատվերների անվան տակ օրինականացնել:

Տեղական փորձագետների ցուցակում ներառված անձինք կա՛մ միջազգային ծրագրերի ղեկավարներ են, կա՛մ Էրիկ Գրիգորյանի կողմից ընդգրկված փորձագետներ: Եթե ենրադրենք, որ բոլորն «ատկատով» են աշխատել, ապա այս երկու տարվա մեջ կուտակվել է մոտ մի քանի մլն դոլար: Այդ գումարը պետք է օրինականացնել: Ուստի կայք է ստեղծվել,  որում «ատկատների» սխեմաների բոլոր մասնակիցները ներկայացվում են որպես փորձագետներ: Մի կազմակերպություն է ձեւակերպվում, օրինակ` Էմիրություններում, որտեղից 3 մլն դոլարի պատվեր է գալիս: Պայմանագիրը կնքվում է Գրիգորյանի ՀԿ-ի հետ: Նախկին նախարարը, նրա կինը եւ գուցե մի երկու հոգի էլ դառնում են փորձագետ եւ գումարը ստանում: Արդեն հանգիստ կերպով հայտարարագրում նշում են, թե որտեղից է եկամուտը: Այն, որ այդ խումբը մտադիր չէ ծառայություն մառուցել, պարզ է նշված պետությունների ցանկից: Այդտեղ Հայաստանը նշված չէ, ու որպեսզի այդ հարցը շրջանցվի, նշել են` Կովկաս, որը ենթադրում է նաեւ հարեւան Ադրբեջանը: Պարզ է, որ Ադրբեջանին հայերը չեն կարող որեւէ ծառայություն մատուցել… Ուստի այս կայքը ստեղծված է «ատկատների» օրինականացման համար:

Գուցե երկրի ղեկավարը (վարչապետը) պարզել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը բնապահպանական ոլորտը կառավարելու փոխարեն իր տակ է առել միջազգային դրամաշնորհները, պետության ծառը ջրելու փոխարեն իր ծառն է ջրել` այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Ուստի նոր նախարարի նշանակումը դառնում է հրատապ: Ավգյան ախոռներն օր առաջ մաքրելու պահանջ կա, եւ պահն է հասունացել, որպեսզի նախարարության գործունեությունն իրավապահների ուսումնասիրության առարկա դառնա:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Բոստոն

barigalust.wordpress.com