Դիմակների համատարած կրումը թույլ կտա կանխել ինֆեկցիայի երկրորդ ալիքը եւ հաղթահարել համավարակը: Այսպիսի եզրակացություն են կատարել Քեմբրիջի եւ Գրինվիչի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society A ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ դիմակների համատարած կրումն իսկապես արդյունավետ է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում եւ օգնում է դրա վերարտադրման բազային ցուցանիշը պահել միավորից ցածր:
Հետազոտողները ցույց են տվել, որ միայն սահմանափակող միջոցները չեն օգնի կորոնավիրուսի կրկնակի բռնկումների զսպմանը: Մինչդեռ նույնիսկ սահմանափակ արդյունավետությամբ ինքնուրույն պատրաստված դիմակները կարող են զգալիորեն նվազեցնել ինֆեկցիայի փոխանցման արագությունը, եթե դրանք կրում են բավականաչափ թվով մարդիկ՝ անկախ հիվանդության ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից:
Իսկ եթե դիմակների կրումը համադրվում է սոցիալական հեռավորության պահպանաման եւ որոշ սահմանափակող միջոցառումների հետ, ապա դա համավարակի եւ դրա առաջացրած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը կօգնի պատվաստանյութի հայտնվելուց շատ ավելի վաղ, ասում են մասնագետները:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ SARS-CoV-2 վիրուսային մասնիկներով աերոզոլի միջոցով, որոնք վարակված մարդկանց կողմից արտազատվում են խոսելիս, հազալիս կամ փռշտալիս:
Ախտածինի համաճարակ կամ համավարակ առաջացնելու ունակության առանցքային ցուցանիշներից մեկը վերարտադրության բազային ցուցանիշն է (ՎԲՑ կամ R0), որը հավասար է ինֆեկցիան կրողի կողմից վարակված անձանց միջին թվին: SARS-CoV-2-ի համար այս ցուցանիշը գնահատվում է 2-ից մինչեւ 6,47: Իսկ որպեսզի համավարակը դանդաղի, անհրաժեշտ է, որ այս ցուցանիշը լինի միավորից ցածր: