Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցու շրջակայքի եւ մուտքի հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբին, համայնքի բնակիչների տրամադրած միջոցների հաշվին:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, հունիսի 22-ի դրությամբ շարունակվում են դեպի եկեղեցի տանող աստիճանների եւ բակի ցանկապատի կառուցման աշխատանքները: Թե´ համայնքի բնակիչները, թե´ արտերկրում կամ Հայաստանի այլ մարզերում ապրող ակունքցիները սիրով են մասնակցում եկեղեցու հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքների կազմակերպմանը՝ արձագանքելով համայնքապետարանի նախաձեռնությանը:
«Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցու բակը, մուտքն ու շրջակայքը շատ անհրապույր, անբարեկարգ էին, և դրությունը շտկելու նպատակով էլ հանդես բերեցինք այս նախաձեռնությունը: Մեր կոչին դրական արձագանքեցին բազմաթիվ ակունքցիներ՝ տրամադրելով համապատասխան միջոցներ: Հանգանակությունը շարունակվում է, որն էլ կուղղվի եկեղեցու հիմնանորոգման ու վերականգնգնման հետագա աշխատանքների կազմակերպմանը: Եկեղեցին, որը կառուցվել է 15-17-րդ դարերում, վերականգնվել 19-րդ դարում, համարվում է գյուղի կարեւոր պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը: Բայց ժամանակի ընթացքում, հատկապես ԽՍՀՄ տարիներին, այն մատնվել է անտարբերության, հայտնվել առանձնատների ու հողամասերի շրջափակման մեջ: Դեպի եկեղեցու մուտք տանող ճանապարհը դժվարամատչելի է նույնիսկ ոտքով հասնելու համար, այդ պատճառով էլ գործը սկսել ենք աստիճանների կառուցումից: Կառուցում ենք նաեւ ցանկապատ, հիմնելու ենք սիզամարգեր, կատարելու ենք ծառատունկ, բակը բերելու ենք ժամանակակից ու բարեկարգ տեսքի: Բոլոր կարգի աշխատանքները ավարտելուց հետո կսկսենք եկեղեցու վերակառուցման աշխատանքները՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Եկեղեցին հատկապես կարիք ունի պատերի ամրացման եւ հատակի նորոգման: Այս ձեռնարկը մի կողմից ուղղվում է պատմական ու հոգեւոր արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, մյուս կողմից՝ տուրիզմի զարգացմանը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան