Զբոսավար. ինքնակազմակերպման մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զբոսավար. ինքնակազմակերպման մասին

Անցյալ շաբաթ մի խումբ գործընկերներով Հայաստանի տարբեր հատվածները ազատում էինք հին ու նոր աղբից։ Ընթացքում մտքում (մեկ-մեկ էլ բարձրաձայն) հայհոյում էինք ամեն մի կտոր աղբը գցած, իրենց կերած-խմածը շաղ տված կամ սիրուն տոպրակի մեջ կապած ու ծառից կախած փնթիներին։ Մաքրած տարածքները, որ այցելում էինք մեկ օր հետո, արդեն նորովի նախշած էին գարեջրի շշերով, ծխախոտի տուփերով ու սառը սուրճի պլաստիկ բաժակներով։

Կարելիա աղբի տեսակով անգամ հասկանալ մեր ազգաբնակչության թափթփուկ տեսակի գերիշխող սեռը (տղամարդկանց պետքա տանը մաքրության աշխատանքերին ներգրավել, թե չէ իրենց թվումա՝ մամաները/կանայք պետքա նաև տնից դուրս իրենց հետևից հավաքեն)։ Հա, մեկ շաբաթ էս աղբանմուշների հետազոտությունից հետո զզվում ես քո ազգից, ուզում բոլորին թաղել էդ նույն աղբի շերտերի տակ։

Բայց․ էդ նույն ազգիդ մնացած ներկայացուցիչները ամբողջ շաբաթվա ընթացքում, երկրի տարբեր մարզերում մեզ աջակցել են ջուր, հյութեր, պաղպաղակ, քաղցրավենիք, միրգ ու բանջարեղեն նվիրելով։ Իսկ պետք եղած պահին՝ մի քիչ թամբալությունից հետո, ներգրավվել են էս գործերին։

Արմավիր տանող ճամփի գետնանցումներից մեկը հայտնաբերեցինք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկի ժամանակ։

Աստիճանները չկային, թաղված էին կեսդարյա աղբի տակ։ Փոշիացած աղբի ստորին շերտի մեջ ծառեր էին աճել։ Ավելի քան երեսուն հոգով, բահերով ու փոցխերով փորում էինք էդ հնագիտական շերտերը։ Տեղի բնակիչները (ում համար էդ գետնանցումը կառուցվել էր, որպեսզի էդ բանուկ մայրուղու անցուդարձից չնահատակվեն), եկել զարմացած հետևում էին։ Մտածեցին՝ քաղաքապետարանից ենք, բայց կիրակի օրով ի՞նչ քաղաքապետարան։ Կարո՞ղա սփյուռքահայ ենք, փողի մեջ լողում ենք, եկել ենք մի կտոր բան անենք հեռու հայրենիքի համար, սրտներս թեթևանա։ Չէ, նույն երկրում, նույն աղբի մեջ ապրող քաղաքացիներ էինք, որ էդ կեղտի քանակը տեսնելուց ուժ էինք առել ու ինքնամոռաց փորում էինք։ Էնքան փորեցինք, որ հասանք տակի շինաղբին։

Մեր ձեռքի գործիքները հերիք չէին։ Գյուղացիք՝ շորտիկ-չստիկով, էկան, ամեն մեկը մի բան բերեց, մի դույլ ծիրան, երկու տոպրակ պաղպաղակ, մի ամբողջ տուփ հյութեր, հետո Խչո-Վաչո-Համբո խառնին իրար, գյուղի մի ծերից բերեցին ավտոկռունկը, հետո փոքր բուլդոզերը՝ գետնանցումի ներսի քարացած աղբը քանդել-հարթացնելու համար։ Կպանք գործի։ Վերջում նոր գետնանցում կառուցեցինք, հա, չէ, մոխիրներից նոր գետնանցում հառնեցրինք։ Գյուղի ճտերից մեկը պլպլացրած աստիճաններով վազեց ներքև, անցավ մյուս մայթ ու հետ վազեց։ Էդ պահին մոռացանք, որ կեղտ ենք շնչել, ոտք ու ձեռք ենք ցավացրել, քրտնել ու հոգնել ենք։

Ի՞նչ ստացվեց։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում էս աղբի չափ խնդիրներ կան։ Ու իհարկե, լիքը հարցեր համակարգային լուծման կարիք ունեն, ու մենք միշտ պետքա զգոն լինենք, թքած չունենանք, չբթանանք, բզենք ու բարձրաձայնենք, որ դրանք իրենց լուծումը գտնեն։

Բայց, եթե անընդհատ ակնկալենք, որ հեսա «քաղաքապետարանը» մարդ կուղարկի, որ մեր քթի տակի խնդիրը լուծի, երբ իրականում կարանք ինքնուրույն անել լիքը բաներ, եթե կարանք ձեռք-ձեռքի տանք, ու ամեն մեկս մեր ունեցած բուլդոզերները դուրս հանի հանրօգուտ գործ անելու, էլ ինչի՞ ենք էսքան ծուլանում։ Մեզ որ ամենալավը պետքա հայտնի լինի, որ մեր հետ տեղի ունեցած պատմության լավագույն դրվագները եղել են ինքնակազմակերպման արդյունքում։

Power to the People!

Զբոսավար Նանե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: