Հայաստանում չինարենը լայն տարածում է գտնում, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» արդեն 5 տարի է, ինչ լավ հնարավորություն է ստեղծել չինարենով, չինական հարուստ մշակույթով հետաքրքրվողների համար: «Արմենպրես»-ը կենտրոնի հիմնադրման 5-ամյակի առիթով զրուցել է ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանի և մյուս պատասխանատուների հետ:
«Հիմնադրման առաջին օրվանից կենտրոնի առաջնային նպատակն է եղել ուսանողների կրթական հետաքրքրությունն ուղղել դեպի Չինաստանի մշակութային արժեքները, քանզի հայերը և չինացիները հանդիսանում են բարեկամ ժողովուրդներ, ու պատահական չէ,որ փոխադարձ հետաքրքրությունը գնալով մեծանում է։ «ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» նպատակ ունի աջակցել Մայր բուհում չինարենի ուսումնական գործընթացի ներդրմանը, կազմակերպել համապատասխան մասնագիտական դասընթացներ ԵՊՀ ուսանողների համար»,-մանրամասնեց Իսրայելյանը:
Իր հնգամյա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել և շարունակում է կազմակերպել չինարենի անհատական և խմբակային դասընթացներ ինչպես ԵՊՀ, այնպես էլ արտաքին դիմորդների համար։ Իսրայելյանի խոսքով՝ կենտրոնում ուսանելու համար դիմում են ամենատարբեր մասնագիտությունների, տարիքի և հետաքրքրությունների տեր մարդիկ։ «Սա վկայում է Կենտրոնի հաջողված գործունեության մասին։ Պարբերական դասընթացներից բացի, Կենտրոնը նաև իրականացնում է թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ չինարենի, չինական մշակույթի, կրոնի և պատմության ոլորտներում։ ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում չինացի մասնագետների կողմից անցկացվել են կալիգրաֆիայի դասեր, Կենտրոնում չինարենի ուսուցումից բացի, ուսանողները հնարավորություն ունեն նաև ծանոթանալ չինական մշակույթին, նշել չինական ազգային տոները՝ Կենտրոնի հետ միասին»,-ասաց պրոռեկտորը:
Կենտրոնն իր գործունեության ընթացքում ակտիվ համագործակցություն է ծավալել և շարունակում է ծավալել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության և Կոնֆուցիոսի ինստիտուտի հետ։ Համագործակցություն է հաստատվել նաև Չինաստանի լավագույն համալսարանների և ուսումնական հաստատությունների հետ, որը բացառիկ հնարավորություններ է ստեղծում ինչպես ԵՊՀ, այնպես էլ Կենտրոնի ուսանողների համար, նպաստում է Կենտրոնի աշխատանքների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը։ «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» համագործակցում է նաև Դալյանի օտար լեզուների համալսարանի, Շանհայի համալսարանի, Նանկինի մանկավարժական համալսարանի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ։
«Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ անցած 5 տարիների եկամուտը կազմել է 7 միլիոն 060 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, որը կարծում ենք վատ ցուցանիշ չէ»,-ավելացրեց Իսրայելյանը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը վերհիշեց՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության հետ համագործակցությունը սկսել են 2015-ից։ «2015-ից ֆակուլտետում սկսվեց չինարենի ուսուցումը, նույն թվականին բացվեց նաև կենտրոնը: Մինչև օրս այդ ուղղությամբ զգալի հաջողություններ ենք ձեռք բերել, համագործակցությունը շատ դրական արդյունքներ տվեց»,-ասաց դեկանն ու նշեց՝ կենտրոնը ոչ միայն հետաքրքրություն է առաջացրել ֆակուլտետի ուսանողների շրջանում, այլ նաև ֆակուլտետից դուրս: Տարեցտարի ուսանողների և ունկնդիրների թիվը զգալիորեն ավելանում է: Ֆակուլտետում դասավանդվում է 13 օտար լեզու, Պետրոսյանը նկատեց՝ ակտիվությունը, հետաքրքությունը բավականի մեծ է հենց չինարենի նկատմամբ:
Մանե Գասպարյանը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսումնառությունն ավարտել է այս տարի: Մանեի համար սկզբում հիերոգլիֆները թվացել են անթիվ, անհամար, հետագայում սակայն չինացի դասախոսների օգնությամբ այնքան է հմտացել, որ նույնիսկ կարողանում է Չինաստանում ազատ հաղորդակցվել: Կենտրոնի և Կոնֆուցիոսի ինստիտուտի համագործակցության շրջանակում մասնակցել է 4 մրցույթի: «Ամենակարևորը Չինական կամուրջ մրցույթն էր, որի շրջանակում էլ հենց անցյալ տարի մեկնել եմ Չինաստան: Երբ մեկնեցի, մտածում էի, որ գուցե չկարողանամ շփվել, բայց ազատ շփվում էի, ազատ հաղորդակցվում էի խանութում, մարդկանց հետ»,-նշեց նա:
Մանեն առաջին կուրսից սկսած սովորել է չինարեն լեզու, գրականություն, իսկ չորրորդ կուրսում արդեն՝ նաև երկրագիտություն՝ Չինաստանի մասին, Չինաստանի տնտեսության, քաղաքականության մասին: Արդեն նախկին ուսանողուհին կենտրոնի առկայությունը շատ կարևոր համարեց: «Չինարենը աշխարհում մեծ տարածվածություն է ստանում: Եվ մեր համալսարանում էլ կարևոր է այդպիսի կենտրոն ունենալը»,-նշեց նա:
Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի խոսքով՝ կենտրոնի հետ միասին տարբեր միջոցառումներ են անցկացնում, որն ավելի է օգնում համալսարանի ուսանողներին, ունկնդիրներին՝ ծանոթանալու չինական մշակույթի հետ: Օրինակ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել է չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվել է առաջին անգամ: «Կենտրոնը բավականին նպաստում է չինարենի տարածմանը, տեսանելի է և գրավիչ ուսանողների համար: Ավելի հասանելի ու մատչելի է ուսանողների համար հենց դասերից հետո մնալ և չինարենի կուրսերը շարունակել համալսարանական պայմաններում»,-նշեց նա ու հավելեց՝ համագործակցությունը գնալով ընդլայնվում է:
Նրա կարծիքով՝ նոր լեզվի իմացությունը ոչ միայն նոր հեռանկարներ է բացում, այլ նաև լեզվի իմացությունն օգնում է ճանաչել չինական հարուստ մշակույթը, լեզվի միջոցով են սկսում ուսումնասիրել մշակույթը:
Կենտրոնը նաև հետամուտ է եղել տարբեր կոնֆերանսների անցկացմանը: Կենտրոնի և «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համատեղ անցկացվել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովը:
ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» խորագրով գիտաժողովը: Իսկ ՉԺՀ դեսպանության հետ կապերը մշտապես գործընկերային են:
5-ամյակի առիթիվ շուտով պատրաստ կլինի նաև կենտրոնի կայքէջը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը» հիմնադրվել է 2015 թվականի ապրիլի 17-ին, որը հետագայում հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 2015 թվականի հունիսի 19-ի նիստի որոշմամբ:
Աննա Գրիգորյան