Ապրիլ ամիսը մեր ժողովուրդը դիմավորեց պատերազմով։ Թշնամին Արցախի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողություններ սկսեց՝ օգտագործելով իր ռազմատեխնիկայի ողջ կարողությունը։ Անսպասելի հարձակմանը զոհ դարձան դպրոցականներ ու ծերունիներ, մարտիրոսվեցին տասնյակ զինվորականներ՝ իրենց կյանքով անառիկ պահելով սահմանը հայոց։
Հենց առաջին օրվանից Քաշաթաղի շրջանից հազարից ավելի կամավորներ ցանկություն հայտնեցին տեր կանգնել հայրենի սահմանին ու զորավիգ լինել առաջնագծի զինվորին։ Այժմ էլ հարյուրավոր քաշաթաղցիներ սահմանում են։ Առաջնագծում այդ օրերին կատարվող իրադարձություններին ծանոթանալու եւ դիրքապահ տղաներին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ հասցնելու նպատակով Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի, Մոշաթաղ համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանի, «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի կառույցի ղեկավար Վիլեն Սիմոնյանի եւ Քաշաթաղի շրջվարչակազմի տնտ. բաժնի վարիչ Դավիթ Մուսայելյանի հետ ապրիլի 16-ին մեկնեցինք հանրապետության հյուսիսային պաշտպանական գոտի։ Զորամասում քաշաթաղցի կամավորականների մի խումբ զբաղված էր տնտեսական հարցերով՝ օգնելով զինվորականներին այդ ծանր օրերին։ Առաջին օրերի համեմատ արդեն կարգավորվել էր զորամասի տարածքը, որը ենթարկվել էր ռմբակոծության եւ կրել որոշակի ավերածություն։ Բարեբախտաբար, այստեղ զինվորներից զոհեր չէին եղել՝ շնորհիվ սպաների ճիշտ գործողությունների։ Հանդիպեցի տնտեսական մասում աշխատող քաշաթաղցի կամավորականներին. տղաներն այդ օրերին մեծ աշխատանք էին իրականացրել եւ դեռ անելիք ունեին։ Տղաները հաճախ նաեւ մարտական հենակետեր էին բարձրանում՝ այնտեղ իրականացնելով անհրաժեշտ աշխատանքներ։ Զորամասում նաեւ հոգեւորականներ կային. ասացին իրենց պարտքն է՝ լինել զինվորի կողքին։ Շարքային Հայկ Ավետիսյանը նոր էր իջել առաջնագծից։ Ասաց՝ իրենց հենակետում գիշերը հանգիստ է եղել։ Մոտ 2 ամիս է մնացել, որ զորացրվի, սակայն դեռ անելիք ունի եւ մարտական ընկերների հետ հայրենի սահմանն է պաշտպանում։
Այստեղ հանդիպեցի ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտչյանին, ում ճանաչում եմ դեռ Արցախյան առաջին գոյամարտի տարիներից։ Իրենց հենակետ էր բարձրանում։ Բարձրանում ենք նաեւ մենք։ Հենակետերից մեկում վաշտի հրամանատար, մայոր Սամվել Սահակյանը տեղեկացրեց, որ գիշերը համեմատաբար եղել է հանգիստ, կրակոցներ քիչ են լսվել։ Հրամանատարը ներկայացնում է բուժակ Դանիել Վարդանյանին։ Շվեդիայի բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող սերժանտն արդեն 21 ամիս է, ինչ ծառայում է այս զորամասում։ Արարատի մարզի Լուսաձոր գյուղից է. մարտական գործողությունների օրերին 7 վիրավորի է հանել մարտադաշտից, տվել առաջին բուժօգնությունը։ Գումարտակի հրամանատարը տեղեկացրեց, որ զոհեր չեն ունեցել, իսկ վիրավորներին հասցրել են դուրս հանել մարտադաշտից։ Գումարտակի հենակետեր այցելելու համար մեզ ուղեկցում է կրտսեր սերժանտ Էրիկ Մովսիսյանը։ Իջեւանից է, արդեն 21 ամիս է՝ ծառայության մեջ է։ Ապրիլի 1-ին իր ջոկով բարձրացել են հենակետ, եւ շուտով սկսվել է ռմբակոծությունը։ Ընթացքում պատմեց՝ ինչպես են դիմակայել թշնամուն, հասցրել մարդկային կորուստներ ու հետ շպրտել։ Այստեղ էին նաեւ սիսիանցի կամավորական մարտիկներ եւ բուժքույրը։ Մշտապես աջակցել են ժամկետային զինծառայողներին, միասին պաշտպանել սահմանը։
Ականանետային հենակետում շարքային Սեւակ Գրիգորյանը (Ստեփանավանից է. 1 տարվա ծառայող) տեղեկացրեց, որ իրենց մարտկոցը մեծ վնաս է հասցրել թշնամուն։ Գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական, ավագ-լեյտենանտ Գաբրիել Գաբրիելյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմ. ինստիտուտը եւ 3 տարի է՝ ինչ այստեղ է ծառայում։ Մարտերի օրերին լավ են աշխատել, եւ թշնամին զգացել է՝ ովքեր են մեր հրետանավորները. կրել է մարդկային ու տեխնիկայի մեծ կորուստներ։ Հաջորդ հենակետում 2014-ի օգոստոսին 5 օրով հսկել եմ մարտական ընկերոջս՝ Զարզանդ Շահնազարյանի եւ ժամկետային զինծառայողների հետ։ Նորից այստեղ եմ. Հայոց բանակի քաջարի զինվորների հետ են քաշաթաղցիներն ու սիսիանցիները։ Հենակետի պատասխանատու, սերժանտ Գրիշա Խաչատրյանը Վարդենիսի Կարճաղբյուր գյուղից է։ Ծառայությանը դեռ 8 ամիս կա։ Ասաց՝ ամսի սկզբին իր ջոկով այստեղ է եղել, եւ սկսվել է մարտը։ Դիմակայել են տղաները թուրքերի հարձակմանը։ Տանկերից ու ականանետերից ռումբեր են թափել թուրքերը հենակետի վրա, եւ բարեբախտաբար զոհ չեն ունեցել։ Ավագ—լեյտենանտ Տարոն Հարությունյանին ճանաչում եմ դեռ 2014-ից։ Քաջորդին մարտերի ընթացքում կարողացել է իր զինվորներին կազմակերպել եւ մեծ վնաս հասցնել թուրքին։ Հենակետի ջոկի զինվորներից Իշխան Գրիգորյանն Արալեզ գյուղից է, մնացել է 50 օր, որ ավարտի ծառայությունը։ Զինակից ընկերների՝ Սերգեյ Աբրահամյան (Արարատի մարզի Ազատավան գյուղից), Ավետիս Հովհաննիսյան՝ Այնթապից, Մասիս Ներսիսյան՝ Գավառից, Խորեն Հարությունյան՝ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից, եւ այլոց հետ քառօրյա մարտերի ընթացքում ցույց են տվել հայ զինվորին հատուկ ոգի եւ այս օրերին եւս զգոն ու արիաբար առաջնագծում են։ Տղաները գոհ են կամավորականների՝ այստեղ լինելուց, ավելի ապահով են իրենց զգում եւ ամենակարեւորը՝ գիտակցում են՝ իրենք մենակ չեն մարտերի ընթացքում, որ հայ ժողովուրդն իր զինվորի թիկունքին է։ Քաշաթաղցի կամավորական Նվեր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս օրերին հերթապահություն են իրականացրել առաջնագծում, եղել են կրակոցներ, բայց իրենք ու ժամկետային զինծառայողները միասին են եւ թույլ չեն տա թշնամին առաջ անցնի։ Հենակետերից մեկում օրեր առաջ դիրքապահների հետ հսկում էինք։ Դարձյալ այստեղ եմ. Սերժանտ Ալեքսեյ Օհանջանյանը տեղեկացրեց, որ բոլոր օրերին նույն իրավիճակն է եղել։ Քաշաթաղցի կամավորականների՝ Անդրանիկի, Արմենի, Յուրայի, Գեւորգի, Ռոբերտի Վոլոդյայի, Մուրադի եւ այլոց հետ զինվորներին են միացել նաեւ Ստեփանակերտից եկած ազատամարտիկները։
Հաջորդ վաշտի հենակետեր այցելելու համար մեզ ուղեկցում է վաշտի հրամանատար, կապիտան Վաչագան Մովսիսյանը (Ստեփանավանից)։ Ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը եւ 6 տարի է, ինչ առաջնագծում է։ Լավ ծանոթ է տեղանքին եւ գիտի՝ որտեղից կարող է ներս սողոսկել թուրքը։ Եվ քառօրյա մարտերի ընթացքում թշնամու մի քանի դիվերսիոն-հետախուզական խմբերի են հետ շպրտել, հասցրել մարդկային կորուստներ։ Միայն թուրքի 3 դի վերջերս են հանձնել։ Ամենավտանգավոր հենակետերից մեկում քաշաթաղցի կամավորականները եւ ժամկետայինները դարձյալ միասին են հսկում։ Այստեղ օրեր առաջ նահատակվեց Քաշաթաղի Աղավնատուն համայնքի բնակիչ, կամավորական, 4 զավակների հայր, 46-ամյա Համլետ Հաջոյանը։ Մեր ացի ժամանակ էլ թշնամին սկսեց կրակել խոշոր տրամաչափի գնդացիրով։ Տղաների պատասխան կրակից հետո թշնամին լռեց։ Թուրքական բնակավայրին մոտ է հաջորդ հենակետը։ Հրադադարի տարիներին թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբերին 2 անգամ հաջողվել է ներթափանցել այս հենակետ եւ սպանել մեր դիրքապահներին։ Այս կապակցությամբ այստեղ փոքր խաչքար-հուշարձան է դրվել։ Այժմ հենակետը հսկում են քաշաթաղցի կամավորականները։ Դիրքի պատասխանատու, լեյտենանտ Գեւորգ Գեւորգյանն Աբովյան քաղաքից է, 8 ամիս է, ինչ այստեղ է, արդեն լավ գիտի տեղանքն ու հակառակորդին։ Ասաց՝ ազատամարտիկների հետ ավելի վստահ են եւ հավելեց՝ մեր սահմանն ամուր ձեռքերում է, տղերքը պատրաստ են դիմակայել թշնամուն եւ տալ հակահարված, որը շատ ցավոտ է լինելու։ Հրաժեշտ տվեցինք տղերքին եւ շարժվեցինք առաջ։
Հերթական հենակետում միայն քաշաթաղցիներ են, տղաները նաեւ ռմբակոծությունից ավերված խրամուղիներն են կարգի բերում, իսկ մի մասը հսկում է բարձր դիրքում։ Թշնամին նենգ է, ցանկացած պահի կարող է չարիք բերել, ուստի պետք է աչալուրջ ու զգոն լինել։ Վաշտերի ու դասակների է բաժանված խումբը։ Վահե Դավթյանի հրահանգով մի մասը մնաց տեղում, մի մասը բարձրացավ վեր՝ հսկելու։ Ահարոն Գրիգորյանը վերջերս է վերադարձել բանակից, սակայն այս ծանր օրերին նորից իր համազգեստն է հագել՝ սերժանտի կոչումով եւ դիրքապահ է. գիտե անելիքը։ 70-ամյա Խաչիկ Թադեւոսյանը փոխգնդապետի ուսադիրներով է։ Երիտասարդական ավյունով է դիրքեր եկել Արցախյան գոյամարտի ազատամարտիկը։ Դժվար է տղաների համար, բայց բոլորն էլ գիտակցում են՝ պետք է այստեղ լինել եւ անսասան պահել հայրենի տան դռները։ Պետք է զորավիգ լինել բանակին, միասին վերացնել օրեր առաջ տեղի ունեցած մարտերի վնասները եւ պաշտպան կանգնել սահմանին։
Զոհրաբ Ըռքոյան