ԿԳՄՍ մշակած դպրոցական ծրագրերի նոր նախագծում ներառված ժամանակակից գրող Արմեն Հայաստանցու «ցնցող» մտքերը
Advertisement 1000 x 90

ԿԳՄՍ մշակած դպրոցական ծրագրերի նոր նախագծում ներառված ժամանակակից գրող Արմեն Հայաստանցու «ցնցող» մտքերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում: Քիչ է, թե անհասկանալի Հայոց լեզվին ու հայ գրականությանն առնչվող «բարեփոխումների» տրամաբանությունը, անհասկանալի է նաև ձևակերպումը՝ «Հայոց լեզու» և «Գրականություն». Արդյո՞ք այդ «հայոցը» գրականությանը վերաբերո՞ւմ է, թե՞ ՝ոչ: Այսպիսով գրչի թեթև հարվածով «հայոց»-ը սղվել է:

Պարզվում է նաև, որ դպրոցական ծրագրերից դուրս են գալիս, օրինակ, Նարեկացու «Մատյան ողբերգություն» ստեղծագործությունն առհասարակ, քանի որ «Թամարա Ալեքսանյանն է, ով «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարն է, կարծում է, որ հայ երեխաներին պետք չէ ծանրաբեռնել հայ ազգի պատմությամբ՝ ծաղրելով, թե բա այնքան հին ենք, որ երեխաները մեղք են այդքան սովորեն:

Իսկ Նարեկացուն փոխարինելու են գալիս այնպիսի ժամանակակից գրողներ, որոնց գրական ստեղծագործությունները մեղմ ասած՝ ցնցել են հասարակության տարբեր ներկայացուցիչներ:

Արմեն Հայաստանցին այդ հեղինակներից մեկն է, նրա՝ «Կիկոսի վերադարձը» ստեղծագործությունը ներառվել է ԿԳՄՍ դպրոցական ծրագրի նախագծում:

«Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր:

Գդակս չկա: Ման եմ գալիս հանդուչոլում: Խաբարն եկավ, որ, իրոք, ինչ-որ մեկը չար կատակ է արել ու տարել է, ծառի վերի ճյուղից կախել: Տանը` էլի կռիվ-ղալմաղալ: Առաջին անգամ մորս վրա գոռում եմ, թե՝ ինձ սիրում ես, թող գնամ, վեր ելնեմ ծառը, գդակս իջեցնեմ, ո՞նց պիտի ամբողջ կյանքս ապրեմ էսպես: Ողբը կապել է, մորքուրներս ձայնակցում են, տատս անարցունք հեծկլտում է: Վեր եմ կենում ու գնում»,- սրանք տողեր են հայտնի ստեղծագործությունից:

Արմեն Օհանյանի բեքգրաունդը. Վիքիպեդիայից մի քանի քաղվածք.

2000-2007 թթ. եղել է գյուղական ուսուցիչ՝ հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքում, դասավանդել է նաև Մեղրու պետական քոլեջում։

2000 թվականից ծավալել է հասարակական գործունեություն. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» ակտիվ անդամ է, «Սկսել ա» երիտասարդական շարժման հիմնադիրներից։

2007-2008 թթ. ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացված «Խաղա´ ժողովրդավարություն, դարձրո´ւ իրականություն» ծրագրի համակարգողի պարտականությունները. ծրագիր, որի արդյունքում ստեղծվել է առաջին հայալեզու, իրավա-քաղաքացիական բնույթի ուսուցողական համակարգչային խաղը՝ «Դարձի´ր նախագահ»։ Այնուհետ վերաորակավորվել է որպես հանրային կապերի մասնագետ, աշխատել տարբեր հաստատություններում, այդ թվում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում։

2008 թ.-ից միացել է Հայաստանում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը, աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում։ Մարտի մեկի իրադարձություններին հաջորդող երկու օրը Երևանի ոստիկանատներից մեկում ապօրինաբար պահվելուց հետո, ի նշան բողոքի, դադարեցրել է իր հեռակա ուսուցումը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում։

2013 թ.-ին ստեղծված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հիմնադիրներից է։

Գրական ուղին մեկնարկել է բավական ուշ՝ 30 տարեկանում, սակայն կարճ ընթացքում հայ արդի գրական միջավայրում ճանաչում է ձեռք բերել՝ ստեղծելով ինտերակտիվ արձակի նորարար-փորձարարական գործեր։ Առաջին պատմվածքները հրապարակվել են «Ինքնագիր» գրական հանդեսում, այնուհետև պարբերաբար տպագրվել է «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթում։ «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «Արձակ-2011»-ի («Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար) և «Արձակ-2012»-ի («Գերաստղ Մարիոն» պատմվածքի համար) մրցույթների հաղթողներից է. պատմվածքները տեղ են գտել «16 պատմվածք» և «19 պատմվածք» ժողովածուներում։

Այս օրերին շատերը փնտրեցին Արմեն Հայաստանցի գրողին, քանի որ չէին ճանաչում, փնտրտուքների ժամանակ շատերը գտան նաև նման մտքեր.

«Ա.Օ.–Հա, եթե դառնա մոդել միասեռական՝ բացահայտ միասեռական գեներալներ էդ բանակում, օրինակի համար, ովքեր որ լավ ծառայում են էդ բանակում և ոչ մի այսպես ասած ազգ-բանակի կոնցեպցիայի մեջ շատ հանգիստ տեղավորվում են, ոչ մի խտրականության չեն ենթարկվում, էդ դեպքում իհարկե բանակից սովորելու բան կունենանք, բայց էս պարագայում կարծում եմ, որ մենք բանակից սովորելու բան չունենք, որովհետև բանակը, ընդհակառակը, էն լակմուսի թուղթն է, որ ցույց է տալիս մեր բոլոր հայտերը, բոլոր թերությունները շատ ավելի սրված երևում են բանակում: Բանակը ի վերջո հայելի, կամ չգիտեմ, ինչ-որ մետաֆոր կարող ենք օգտագործել՝ այն է, որ ցույց է տալիս մեզ, թե ո՞վ ենք մենք ինքներս էս պահի դրությամբ»:

Ի դեպ, դպրոցական ծրագրում իր ստեղծագործությունը ներառելու թեմային անդրադառնալով Արմեն Հայաստանցին (Օհանյան) ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սիրելի բոլոր և չատելի ոմանք, Թումանյանը «Մի կաթիլ մեղրով» բանաձևել է էս տխուր զավեշտը, գործս հեշտացրել, ուրեմն միայն կպարզաբանեմ․ «Գրականություն» առարկայի չափորոշիչների նախագծում բերված են թեմատիկ դասաժամերի հետ առնչվող տեքստերի օրինակելի նմուշներ (ասենք, 12-րդ դասարանում «միջտեքստայնություն» թեմայի առնչությամբ բերվող օրինակներից մեկն էլ իմ «Կիկոսի վերադարձն» է, որով ցույց է տրվում, թե ժամանակակից գրողն ինչպես է Թումանյանի հայտնի հեքիաթը վերախաղարկել)։ Ունենք ընդամենը նախագիծ՝ դեռ չհաստատված, անպարտադիր օրինակներ՝ կրկին չհաստատված, և մի բաժակ ջրում փոթորիկ։ Փոփոխություններից հետո ծրագիրը կհաստատվի, այնուհետև գրականության դասագիրք կազմողներն իրենք ազատորեն կընտրեն կոնկրետ թեմատիկ տեքստերը (նաև ընդգրկուն, անհամեմատ ավելի մեծ ցուցակից), ավելին՝ աշակերտներն ու ուսուցիչները նույնպես կունենան ընտրելու իրավունք՝ տվյալ թեման անցնելիս որ հեղինակի, որ գործն ընթերցեն (թե՛ առաջարկվող ցուցակից, թե՛ իրենց հայեցողությամբ)։ Ինչ խոսք, շատ ուրախ եմ, որ թեկուզ ուշացած, բայց գրական համայնքն էլ միացավ բանավեճին, նաև անչափ զգացված եմ, որ ընկերների և գիրս արժևորողների էսքան հավատարիմ ու բանիմաց «բանակ» ունեմ, շատ շնորհակալ եմ, շատ, շատ, շատ, բայց հավատացեք՝ էս «կռիվը» գցողը «Մի կաթիլ մեղրը» կարդացել ու թարս է հասկացել։ Էսքանը։ Առողջ կացեք, բարի մնացեք»: