«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը և մանկավարժական խորհուրդը՝ 250-300 հոգանոց և Մխիթար Սեբաստացի կրթական համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը և տեղեկացրել ենք կառավարությանը, որ մենք կրթահամալիրի իրավակազմակերպական ձևը ցանկանում ենք փոխել: Հիմա կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), ցանկանում ենք դառնալ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» պետական հիմնադրամ»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Նշենք, որ այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերը մտահոգություն են հայտնում այն առիթով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից: Ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ՊՈԱԿ մասին օրենքի՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին»:
Արայիկ Հարությունյանի մասին Աշոտ Բլեյանն առանձնապես չցանկացավ խոսել, միայն նշեց. «Ընդհանրապես ինքը ինձ չի նշանակել և ինքը երազում կտեսնի, որ ինքն ինձ նշանակում է և ինձ ազատում»: Մեր հարցին՝ ի վերջո Արայիկ Հարությունյանը նամակով դիմե՞լ է իրեն, Աշոտ Բելյանն այսպես արձագանքեց. «Դա ՊՈԱԿ-ի մասին օրենքով է: Տնօրենի պաշտոնավարությունը դադարում է, երբ նա դառնում է 65 տարեկան: Եվ Արայիկ Հարությունյանի շնորհքն ասեմ, մարդկությունը ասեմ, չեմ ուզում բաներ ասել, պիտի հերիքեր, որ ինքը նախաձեռներ այդ գործընթացը: Բայց քանի որ օրենքով մենք իրավունք ունենք և քանի որ կրթահամալիրը ոչ թե Արայիկ Հարությունյանն է ստեղծել, այլ մենք՝ մեր կրթահամալիրն է 31 տարի և ավելի, նշանակում է մեր էլ աշխատանքն է, գործը ընտրել ավելի համապատասխան իրավակազմակերպական ձև՝ հատկապես որ պետական հիմնադրամը որևէ ձևով կառավարության իրավասությունները չի պակասեցնում, ուղղակի հնարավորություն է տալիս, որ կազմակերպությունն ակտիվ դերակատուրումը ունենա, քան ՊՈԱԿ-ը: Այսօր ունենք տասնյակ և տասնյակ պետական հիմադրամներ և′ բուհական, և′ ոչ բուհական, ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպություններ, պետական ՓԲԸ-ներ: Մի պահ պատկերացնենք նույն կրթահամալիրը ՊՈԱԿ է, նրա տնօրենը չի կարող 65 տարին լրանալուց հետո շարունակել ղեկավարել գործադիր մարմինը, եթե ՓԲԸ է կամ հիմնադրամ, ինքը կարող է. սա խտրություն է և անհեթեթություն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am