«Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու գլոբալ ռազմաքաղաքական մրրկայնության սահմանափակումների պայմաններում տարվա առաջին խոշոր ցուցահանդեսը կդառնա համաշխարհային պաշտպանական արդյունաբերության համար (հուլիսին «Ֆարնբորո-2020» ավիասալոնն անցկացվել է վիրտուալ ռեժիմով):
«Բանակ-2020» համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 23-29-ը Ռուսաստանի մի քանի շրջաններում և Հայաստանի տարածքում, 1500-ից ավելի ընկերություններ կներկայացնեն սպառազինության և տեխնիկայի ավելի քան 28 հազար նմուշներ:
72 պետություն հաստատել են, որ կմասնակցեն համաժողովին։ Նրանց թվում են Հայաստանը, Բելառուսը, Բրազիլիան, Վիետնամը, Իրանը, Ղազախստանը, Լիբանանը, Ռուանդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունն ու Հարավային Օսեթիան, որոնք կներկայացնեն բարձրաստիճան պատվիրակությունները։ Ազգային ցուցադրություններ կունենան հինգ երկիր՝ Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը:
«Բանակ-2020» համաժողովի բացման արարողությունը նախատեսված է օգոստոսի 23-ին «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, 24-26-ը մասնագետների աշխատանքի օրերն են, իսկ օգոստոսի 27-29 ցուցադրությունը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։
Ցուցադրության հիմնական հարթակ կդառնան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգին, «Կուբինկա» օդանավակայանը, «Ալաբինո» և «Աշուլուկ» զորավարժարանները, սակայն սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունները կծավալվեն նաև Ռուսաստանի բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում: Միայն Հարավային ռազմական օկրուգում «Բանակ-2020» համաժողովը կընդգրկի Ստավրոպոլի երկրամասը, Վլադիկավկազը, Վոլգոգրադը, Կասպիյսկը, Աստրախանը, Ադիգեան, Ինգուշիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան, Չեչնիան:
Համաժողովը տեղի կունենա նաև Հայաստանում` Գյումրու տարածքում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան։
Նախորդ տարվա համեմատ ստատիկ ցուցադրության ընդհանուր մակերեսն ավելացել է 60 հազար քմ-ով և կկազմի ավելի քան 320 հազար քմ: Ընդհանուր առմամբ կլինի 47 հարթակ (ներառյալ զորավարժարաններն ու օդակայանները)՝ Սանկտ Պետերբուրգից Վլադիվոստոկ և Սևերոմորսկից մինչև Սևաստոպոլ: Տարբեր երկրների պաշտպանական ձեռնարկությունների համար սա բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության և մատակարարման ընդլայնման պատրաստակամություն ցուցաբերելու հնարավորություն է:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am