Նոր ուսումնական տարուն ընդառաջ, Երեւանի պետական համալսարանում մեծ ժողով-վեբինար են կազմակերպել՝ բոլոր դասախոսների ու հատկապես դեկանների մասնակցությամբ։ Նպատակը դասախոսներին հեռավար ուսուցման Moodle համակարգի տեխնիկական նրբություններին ծանոթացնելն է։ Այս համակարգին անցումն էլ պարզաբանվել է նրանով, որ ինչ-որ ուսանողներ բողոքել են, թե դասախոսները նորմալ դասեր չեն արել Zoom-ով։ Իսկ Moodle համակարգը կիրառվում է աշխարհում եւ ապահովում է լիակատար վերահսկողություն։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Այն, ինչպես հուշում են ոլորտի մասնագետները, Zoom-ի ավելի բարդ տարբերակն է, որից ոչ բոլորը, հատկապես ավագ սերնդի դասախոսները գլուխ կհանեն։ Եվ, ինչպես պատմեցին, շատերը խիստ վրդովված են եղել, մի մասը՝ շվարած, որ ոչ միայն չեն հասկանում, թե ինչ է խոսում վեբինարը վարողը, այլեւ հույս էլ չկա, որ իրենք կտիրապետեն, ինչին ի պատասխան՝ այդ համակարգի մանրամասներին ծանոթացնող տեխնիկական մասնագետը՝ Արթուր Ավագյանը, դասախոսներին առաջարկել է իրար օգնել։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քննարկմանը ներկա գտնված դասախոսների հիմնական մասն ակնհայտորեն դժվարացել է, եւ միայն Ամերիկյան համալսարանի որոշ երիտասարդ դասախոսներ են գլուխ հանել համակարգից, քանի որ անցյալում օգտվել են դրանից։ Ամեն դեպքում, ԵՊՀ ավագ սերնդի որոշ դասախոսներ, այդ թվում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնում 50 տարի դասախոսող Վազգեն Գաբրիելյանը, օրինակ, ասել են, որ այդ պարագայում կհրաժարվեն։ Մեր տեղեկություններով, հիմա ԵՊՀ-ում մտածում են, թե ինչ անեն, որ նրա, նաեւ այլ երկարամյա դասախոսների համար բացառություն անեն։ Մտածում են փոքր՝ 5 հոգանոց խմբերով դասեր կազմակերպելու տարբերակի շուրջ։ Վեբինարի մեկ այլ մասնակից զայրացած էր այդ անփութությունից, ասում էր, որ ընդամենը հարկավոր էր մի տեսաուղեցույց պատրաստել՝ քայլ առ քայլ ներկայացնելով, թե ինչպես պետք է աշխատի համակարգը, եւ անգամ երիտասարդ դասախոսների համար ժամանակ է պահանջվելու, որ հասկանան Moodle-ի կառուցվածքն ու բնույթը։ Եվ նույնիսկ կասկածներ ունեին, որ հերթական անգամ «փող են լվանում»՝ գրանտներ կամ ֆինանսավորում են ստացել եւ ոչինչ չեն արել դրա դիմաց»,-գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: