ԿԳՄՍ նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, հրապարակել է հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
Ըստ այդ ուսպլանի 3-12-րդ դասարանների աշակերտների համար գարնանային արձակուրդ չի նախատեսվում, փոխարենը աշնանը երեխաները տանը կլինեն նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ՝ մեկ շաբաթ ավելի, քան նախկինում էր: Իսկ ձմեռային արձակուրդների գրաֆիկում փոփոխություն չի եղել՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ երեխաները տանը կլինեն:
Նախատեսվում է նաև, որ մինչև 2021թ-ի հունիսի 4-ը ներառյալ երեխաները դպրոց կգնան՝ սեպտեմբերի 1-14-ի դասերը լրացնելու համար:
Աշնանը կանխատեսվող համավարակի երկրորդ ալիքի պարագայում աշնանային արձակուրդները 14 օր դարձնելը արդարացված է նրանով, որ այդ ժամկետը կարող է մեղմել վիրուսի բռնկման նոր ալիքը՝ հնարավորություն տալով երեխաներին ավելի քիչ իրար հետ շփվել և խուսափել վարակի տարածումից: Այլ կերպ ասած սա կարող է կարանտինային շրջան լինել, որի ընթացքում վարակված երեխաները՝ եթե անգամ ասիմպտոմ են, ոչ միայն չեն վարակի մյուսներին, այլ նաև կբուժվեն:
Սակայն, եթե համավարակային առումով կարելի է այս որոշումը օպտիմալ լուծում համարել, ապա երեխաների հանգստի առումով խնդիր կարող է լինել: Երեխան չի կարող 5 ամիս անընդմեջ՝ հունվարի 10-ից հունիսի 4-ը ներառյալ, ներգրավված լինել ուսումնական գործընթացում՝ առանց հանգստի: Այս դեպքում ոչ միայն երեխաները զրկված են հանգստից, այլ նաև ստիպված են 2 շաբաթ ավելի դպրոց գնալ՝ լրացնելու սեպտեմբերի բացը:
Թեև ուսումնական պլանը նոր է հրապարակվել, սակայն երեխաների՝ գարնանային հանգստից զրկվելը մտահոգությունների տեղիք է տվել ոչ միայն ծնողների այլ նաև ուսուցիչների մոտ: Մեզ հետ զրույցում հանրակրթական դպրոցներից մեկում դասավանդող ուսուցչուհիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, կարծիք հայտնեց, որ անընդմեջ դասապրոցեսում գտնվող երեխայի մոտ նյութի ընկալողունակությունը կարող է նվազել, քանի որ երեխայի ուղեղը հանգստի կարիք ունի և դա է պատճառը, որ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ու ավարտին սահմանված է հանգիստ, որի համաձայն երեխան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ նվազագույնը մեկ շաբաթ հանգստանում է:
Հավելենք, որ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: