«Պղտոր ժամանակներում լրագրողները պետք է փորձեն մնալ պրոֆեսիոնալ». media.am
Advertisement 1000 x 90

«Պղտոր ժամանակներում լրագրողները պետք է փորձեն մնալ պրոֆեսիոնալ». media.am

«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը վստահ է, որ եթե Հայաստանում գործի օրինավորության ազգային համակարգը, լրատվամիջոցները կզգան, որ թիկունք ունեն: Այդ դեպքում կոռուպցիոն երևույթները բացահայտող լուրերը կհամարվեն հաղորդում հանցագործության մասին:

«Կոռուպցիա» բառը թարգմանաբար նշանակում է՝ փչացած: Իսկ ցանկացած բան, որը փչանում է, անպայման հանգեցնում է կործմանման՝ ներառելով տարբեր հարակից ոլորտները, մակերեսներն ու անձանց:

Լրագրությունն այն ոլորտն է, որի մեջ ներդրված է մաքրման հնարավորությունը: Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ հիմա լրագրողների գործը նման է Մյունհաուզենի հնարքին (բռնում ես մազերից ու ինքդ քեզ հանում ճահճից): Բայց այդ հնարքը կարող է օգնել հանրությանը դուրս գալ ապատիայի թմբիրից:

– Կոռուպցիան կանխարգելելու համար ինչպիսի՞ նվազագույն քայլեր են պետք:

– Նախ՝ անհրաժեշտ  է, որպեսզի պետական առանցքային ինստիտուտները (դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունները, ընտրական համակարգը, Մարդու իրավունքների պաշտպանը, Վերահսկիչ պալատը և մյուսները)  ունենան  հակակոռուպցիոն դերակատարում և կոռուպցիան կանխարգելելու որոշակի գործառույթներ:

Բայց շատ կարևոր է, որ դերակատարում ունենան նաև ոչ պետական ինստիտուտները՝ լրատվամիջոցները, կուսակցությունները, բիզնեսը, քաղաքացիական հասարակությունը (հ/կ-ներ, հիմնադրամներ և այլն):

Հիմնական գաղափարն այն է, որ միայն պետական մարմիններով կոռուպցիան  կրճատել հնարավոր չէ: Մենք վերջերս ներկայացրեցինք Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալները, որոնք ամփոփվել են Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների համար: Հայաստանի դեպքում բավականին տխուր պատկեր է, հատկապես հասարակության վերաբերմունքի տեսակետից:

Մեր հասարակությունը սարսափելի անտարբեր է կոռուպցիայի հանդեպ: Եվ կարծում եմ՝ այս ապատիայի իրավիճակում շատ անելիք ունեն հատկապես լրատվամիջոցները: Նրանց պետք են այնպիսի հատկանիշներ, որ կարողանան կոռուպցիան կանխարգելող ինստիտուտ դառնալ:

– Կոնկրետ ինչպիսի՞ հատկանիշներ:

– Առաջին հերթին լրատվամիջոցը պետք է լինի անկախ և ունենա բավարար նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ: Ինֆորմացիոն դաշտում պետք է աշխատեն լավ ֆինանսավորվող և ամենակարևորը, ունակ մարդիկ:

Լրագրողը պիտի այնքան վարձատրվի, որ շահագրգռված լինի «քչփորել» լուրջ թեմաները: Կոպիտ ասած՝ նրան, աշխատավարձից բացի, գումար և միջոցներ են հարկավոր տարբեր մարզեր գործուղվելու ու հետաքննություն կատարելու համար:

Ոչ պակաս կարևոր են ներքին  կառավարման չափանիշները: Լրատվամիջոցների համար սկզբունքները շատ պարզ են, նրանք պետք է լինեն թափանցիկ, հաշվետու և, ի վերջո, անել այնպես, որ իրենց ասածն ու արածը չհակասեն իրար: Այսինքն,  վստահությունը ձեռք բերեն իրենց վարքագծով:

– Երևի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում դժվար է նշել մի լրատվամիջոց, որն իրականում անկախ է կուսակցական կամ տնտեսական շահերից (հիմնականում ստվերային):

– Այդ փոխկապակցվածությունն, իրոք լուրջ խնդիր է: Եվ դժբախտաբար, լրատվամիջոցների, որպես Հայաստանի օրինավորության համակարգի բաղադրիչի, վերաբերյալ հետազոտությունների արդյունքները մեզ չեն ոգևորում: Կարող ենք ասել, որ լրատվամիջոցների աշխատանքը կարգավորող իրավական դաշտ կա, սակայն խնդիրները ծագում են, երբ հերթը հասնում է պրակտիկային:

Կարծում եմ՝ լուրջ դեր կարող էր ունենալ վեճերն ու խախտումները կարգավորող «ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը», որը ինքնակարգավորվող միավորում է: Բայց որքան տեսնում ենք, այդ մարմինը չունի մեծ հեղինակություն ու ակտիվ դերակատարում:

– Լրագրողները իրենք պետք է դիմեն այդ մարմինին, ինչը հազվադեպ է պատահում:

– Այն, որ լրագրողները չեն դիմում, արդեն իսկ ցուցանիշ է: Վստահ եմ, որ դիմելու առիթները բազմաթիվ են:

Կարևոր է, որ լրատվամիջոցները լինեն պրոֆեսիոնալ և ցանկանան լուսաբանել ու հետաքննել կոռուպցիոն դեպքերը: Եթե անկեղծ լինենք, հիմա բացի «Հետքից», ոչ մի այլ լրատվամիջոցների աշխատանքում նման ցանկություն չի երևում:

Հակակոռուպցիոն տեսակետից՝ անհրաշետ է, որ լրատվամիջոցները բացահայտումներ անեն, կարողանան իրենց նյութերն ու պատմությունները ներկայացնել հանրությանը և որոշակի արժեքներ քարոզել:

– Իրականում, անտարբերությունը նկատվում է նաև լրագրողների աշխատանքներում:

– Ոգևորությունը սկիզբ է առնում ու տարածվում է, երբ կան տեսանելի փոփոխություններ: Մեր իրավիճակում չենք կարող սպասել, որ լրագրողներն ու լրատվական դաշտը սկսեն հիպերակտիվ գործել, լուրջ քաղաքական կամ տնտեսական բացահայտումներ անել (նույնիսկ այնպիսի «անմեղ» ոլորտներում, ինչպիսին են արվեստը, մշակույթը):

Շատերը մտածում են՝ եթե բոլորը թաթախված են կոռուպցիայի մեջ, մենք ի՞նչ անենք, հո՞ չենք դառնա սպիտակ ագռավ, մանավանդ, որ առջևում հսկա մեքենա է:

Այս իրավիճակը նման է բրեժնևյան «լճացման տարիներին»:

Հիշում եմ այսպիսի մի անեկդոտ. մի մարդ թռուցիկներ էր ուզում փակցնել շենքերին, նրան բռնում-տանում են ոստիկականական բաժանմունք, խուզարկում են ու պարզում, որ թռուցիկներն իրականում սպիտակ թղթեր են: Հարցնում են՝ ինչու՞ ես դատարկ թղթերը փակցնում: Պատասխանում է՝ դե, ինչու՞ գրեմ, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է:

Հիմա կարծես մեր հասարակությունն էլ է այդպես մտածում: Եթե կոռուպցիայի հանդեպ հասարակությունը հանդուրժողական է, դժվար թե բան փոխվի: Շատերը թերևս մտածում են՝ դե ի՞նչ արած, էդպես է:

– Շատ լրագրողական նյութեր անպատասխան են մնում, դա հուսահատեցնում է:

– Իհարկե, դա էլ է թևաթափ անում, բայց գոյություն ունի նաև շղթայական ռեակցիա, որն անպայման որևէ արդյունքի հանգեցնում է: Օրինակ, երբ Ուկրաինայում պաշտոնյաները ներկայացրին իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, լրագրողները սկսեցին ստուգել դրանք և շատ հետաքրքիր բացահայտումներ անել:

Լրագրողները զգացին իրենց հասարակության մաս: Մեզ մոտ այդպես չէ: Ավելի շուտ պետական մարմինների կողմից լրատվամիջոցների նկատմամբ գործում է «Շունը հաչի, քարավանն անցնի» սկզբունքը: Բայց բոլոր դեպքերում պետք է շարունակել աշխատել:

Ես փորձում եմ հասկանալ, թե ո՞րն է փոփոխությունների վեկտորը: Եվ արդյոք կհայտնվի փոփոխությունների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը:

իասթափությունը սերնդե սերունդ է փոխանցվում, կարծես ժառանգվում է: Փոխանցվում է նաև թևերը ծալած ապրելու գաղափարը:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող են անել լրագրողները հանրային ապատիան փոխելու համար:

– Առաջին հերթին թող իրենց միջից հանեն ինքնագրաքննությունը: Հետո մտածեն իրենց աշխատանքի համար ռեսուրսներ գտնելու մասին: Իհարկե, դա շատ դժվար է: Դա կարծես նման է Մյունհաուզենի արածին, երբ բռնում ես մազերից ու ինքն քեզ հանում ճահճից:

Թափանցիկ ու անկախ աշխատելու հորդորը թեև տրաֆարետային է հնչում, բայց դա է ելքը: Մեր պղտոր ժամանակներում ամենաճիշտը փորձելն է մնալ պրոֆեսիոնալ: Չկորցնել ներքին ազատությունը, պատասխատատու լինել սեփական նյութերի հանդեպ:

Հույսը անհատ լրագրողներն են, որոնք հասկանալով ներկա պայմանները, կաշխատեն ավելի պրոֆեսիոնալ և ազատ: Այսինքն, ավելի խորը կդիտարկեն նյութերը, կվերլուծեն և լուրջ կվերաբերեն իրենց գործին: Գոնե աղբ չեն տարածի:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Լուսանկարը՝ Photolure-ի

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ media.am կայքում



Նման նյութեր