«Իմ զինվոր եղբայր, խոստացել ես, հաստատ պիտի գաս». Հայաստանում ապաստանած արցախցի հերոսներ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ զինվոր եղբայր, խոստացել ես, հաստատ պիտի գաս». Հայաստանում ապաստանած արցախցի հերոսներ

Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ից, Հանքավանի «Զեփյուռ» ճամբար են տեղափոխվել Մարտակերտում, հարակից գյուղերում, Ասկերանում, Հադրութում թշնամու կրակի տակ հայտնված ու մի կերպ, ոմանք էլ՝ ոտաբոբիկ, իրենց տներից դուրս եկած մարդիկ: Ըստ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի սեփականատեր Ռաֆիկ Հայրապետյանի՝ պատերազմական այս օրերին ավելի քան 120 մարդ է Արցախից տեղափոխվել և ապաստանել ճամբարում: Հիմնականում կանայք ու երեխաներ են, նաև մի քանի՝ 70-ին մոտ տարիքի տղամարդիկ, որանք պատմում են, որ զավակները ստիպելով են Արցախից հանել: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ևս միացել է աջակցության այս նախաձեռնությանը՝ երեխաներին ուղարկել խաղալիքներ, կանանց էլ հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ: Այսօր միասին արթնացել են ճամբարի տարածքում, որոշները հասցրել են զանգահարել սահման, լսել «լյոխ լավ ա»-ն ու մի խորը շունչ քաշել:

«Երեկ ենք եկել, շատ լավ ընդունել են, շատ շնորհակալ ենք, անչափ: Ինչ էլ ասենք՝ քիչ ա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Գրիգորյանը:

Արցախից ժամանակավորապես տեղափոխվածների մեջ չկա մեկը, ով սահմանին զինվոր չունենա:  Կանանց խոսքով՝ բոլոր տղամարդիկ սահմանին, թիկունք-թիկունքի տված, պահպանում են սահմանները, տունն ու հայրենիքը:

37-ամյա Իրինայի որդին էլ է սահմանին, ու չնայած այստեղ ամեն ինչով ապահովված է, ամեն վայրկյան պատրաստ է անգամ ոտքով Արցախ հասնել:

«18 տարեկան տղա ունեմ թողած սահմանին, ժամկետային ծառայող ա: Մի րոպե, մի րոպե չենք կտրվում ոչ մեր հողից, ոչ մեր երեխաներից, ոչ մեր տնից»,- վստահեցնում է Իրինա Գրիգորյանը:

Ասում են՝ սահմանում կանգնած տղամարդկանց համար ամենակարևորն ընտանիքի անվտանգությունն է, որ իմանան՝ կանայք, մայրերը, քույրերն ու զավակներն ապահով են, հանգիստ մտքով բարձունք կպահեն:

40 տարվա մանկավարժ, ռուսաց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ռիտա Գրիգորյանն ասում է, թե սահմանին կանգնած զինվորի ուժն ու տրամադրությունը վեր է ամեն ինչից, ու դա իրենց էլ է օգնում ուժեղ մնալ:

«Նրանք զգում են և՛ իրենց ընտանիքները, և՛ հայրենիքը, և՛ ողջ հայ ազգին  պաշտպանելու պատասխանատվությունը: Նրանց գլխին միշտ արև է շողալու, միշտ լինելու է կապույտ երկինք, միշտ իրենց գլխավերևում լինելու է հպարտ Արցախը: Նրանք այն ոչ մեկին չեն տալու, որովհետև այնտեղ են ծնվել ու զգում են դրա արժեքը»,- ասում է տիկին Ռիտան:

Այն, որ տան կարոտն ու քաղցրությունն ուրիշ է՝ գիտեն բոլորը: Բայց հավաքված կանանց իրենց տներից 400 կմ հեռու պահում է վստահությունը, որ այս ամենը ժամանակավոր է: Տիկին Ռիտան վստահեցնում է, որ շուտով Արարատն էլ մեր պաշտպանության տակ կվերցնենք:

«Մեր զինվորի համար ամենակարևորն իրենց երեխաների անվտանգությունն է, իրենց ծնողների անվտանգությունն է: Սա 1992-ը կամ 2016 թիվը չէ, սա մի ուրիշ բան է: Ես ոչ մի անգամ տունս չեմ թողել: Սա առաջին անգամն է, երբ դուրս եմ եկել տնիցս: Բայց ոչինչ, ով սուր կբարձրացնի, նրան էլ կպատասխանեն: Մենք ճիշտ ազգ ենք, մենք ոչ ոքի ոչինչ չենք զիջելու: Իսկ իրենք շատ բան են ուզում, բայց դա չի լինելու»,- ասում է Ռիտա Գրիգորյանը:

Տիկին Ռիտան պատմում է, որ առաջին երկու պատերազմների ժամանակ երազ է տեսել, որ ամեն ինչ լավ է լինելու, ու այդպես էլ եղել է: Ասում է, թե այդպես է լինելու նաև երրորդ անգամ, անկասկած:

«Դուք կարծում եք՝ նրանք ուզո՞ւմ են: Ո՛չ, նրանք պատերազմ չեն ուզում: Կարծում եմ՝ ազգին մեղադրել պետք չէ: Կան վատ մարդիկ, այնպիսին, ինչպիսին Ալիևն է ու նրա ենթակաները: Ամեն ինչ նրանցից է կախված: Նրանք էլ մայրեր ունեն: Հազիվ թե մի մայր ցանկանա արցունք թափել: Ես չեմ հավատում, որ մի մայր կասի՝ «թող իմ տղան գնա, զոհվի»: Ոչ: Ոչ ոք դա չի ցանկանում: Թող բոլորն իմանան, որ նրանց մայրերն էլ մեր նման պատերազմ չեն ուզում: Բայց մենք պաշտպանում ենք մեր երկիրը, նրանք՝ ոչ: Բայց դե, ամեն դեպքում՝ հաղթանակը մերն է լինելու»,- ասաց տիկին Ռիտան:

90-ն անց Ռիտա Առուստամյանը, որ սպիտակ մազերի չափ դժվարություններ է տեսել, այսօր միայն նեղսրտում է, որ շտապելուց մազերը հարդարելու համար սանր չի վերցրել:

«Երկու ձեռք շոր՝ կոխալ սումկաս, եկալ եմ, սանդր էլ չեմ անգամ պիրել, որ գլուխս սանդրեմ»,- փոքր-ինչ նեղսրտած, բայց ժպիտով պատմում էր 90-ն անց տատիկը:

49-ամյա տիկին Վալենտինան ճամբար է եկել իր փոքր որդու՝ 4-ամյա Դավիթի, հարսի, թոռների հետ: Մեծ որդին էլ, ինչպես տիկին Վալենտինան է ասում, սահմանի ամենաբարձր կետում կատարում է իր առաքելությունը:

«Ամեն ինչով ապահովել են, հիմա էլ իրենք կազմակերպած մեր զինվորների համար հաց և ծխախոտ պիտի տանեն, ճանապարհեն Ղարաբաղ (հուզվում է.- Ա.Հ.)… Տղաները բոլորը սահմանում են: Պիտի նրանց հաց և ծխախոտ հասցնեն: Իրենք ապրեն, շատ ապրեն: Կին չկա, որ հաց հունցի: Իրենք պիտի ալյուր վերցնեն, հունցեն, թխեն…»,- ասում է տիկին Վալենտինան:

Սահմանին կանգնած տղամարդիկ էլ միայն ասել են, որ «օզում չինք օտենք, բայց օզում ենք մինակ սիգարետ քաշինք»: Վստահ են՝ այդ հարցն էլ շուտով կլուծվի:

«Առավոտ ժամը 7:30 թռիչքը բարձրացել ա վերև, սաղ ժողովուրդը՝ մեկը՝ քնած, մեկը՝ վեր կացած, մեկը՝ անասունի մոտ, ես, օրինակ, շաքարով հիվանդ եմ, շաքարս 15-ից 25 թռավ: Մի խալաթով դուրս իմ եկալ գյուղից»,- պատմում է Վերին Հորաթաղից եկած տիկինը:

Հավաքվածների խոսքով՝ ամեն առավոտ ու երեկո Հանքավանի «Զեփյուռ» ճամբարի ղեկավարությունը, անձամբ Ռաֆիկ Հայրապետյանը ու բոլոր աշխատակիցները, ովքեր նրանց ապաստարանով են ապահովել, հետաքրքրվում են իրենց խնդիրներով, ապահովում են հագուստով, անհրաժեշտ պարագաներով, երեխաների համար խաղալիքներ են բերել, անգամ երեխաներին ապահովել են դաստիարակներով:

«Ամենակարևորը՝ ապաստարան են տվալ, գոհ ու շնորհակալ ենք, որ մեզ աջակցել են, մեր երեխեքին ճանապարհին չեն թողել, մեզնից ֆինանս չեն ուզել»,- պատմում էին մեզ հետ զրույցում:

68-ամյա Ալբերտ պապիի տղան է ստիպել Արցախից դուրս գալ: Ասում է՝ գիշեր-ցերեկ լացում է, անհանգստանում տղայի համար: Ալբերտ պապն ասում է՝ «Զեփյուռ» ճամբարում շատ լավ է, բայց իրենց տանը, իհարկե, ավելի լավ է:

«Էս մարդիկ մեզ լավ պահում են, սիգարետով ապահովում, հացով ապահովում, շորով ապահովում, ապրում ենք, մինչև տեսնանք՝ յա կմեռնենք, յա կգնանք մեր տները»,- ասում է նա:

Մարտակերտցի կանայք կատակով ասում են, որ բոլորը գիտեն իրենց ուժի ու մեծ-մեծ խոսելու մասին:  Միայն  ուզում են, որ հաղթանակը շուտ տոնեն, որ կարողանան կրկին գլուխները բարձր, մեծ-մեծ խոսելով ապրեն:

«Մեր Արցախի նախագահը, որ ինքն իրան տղամարդ ասածեն տեր ա, վիչ թա պտի պարտվինք, այլ պտի հաղթենք: Լոխս էլ իրա կողմից ենք: Խոնարվում ենք զոհված տղանց ծնողների առջև, որ մենք ստեղ սաղ նստած ինք, ու իրանք արյուն ին թափալ»:

Ու մինչ մեծերը քննարկում են մեծ հարցերը, փոքրիկները խաղահրապարակում խաղում են, վազվզում: Արենն ու Գոռն էլ, օգտվելով առիթից, փորձում էին տեսախցիկից օգտվելուն ծանոթանալ: Չնայած «168 Ժամի» օպերատոր Արայի հորդորներին ու տղաների՝ տեսախցիկի հանդեպ սիրուն, այն գնդակի հետ փոխարինել չցանկացան:

Փոքրիկ Լուսինեն զինվոր եղբայրներին ասելիք ունի: Հիշեցնում է՝ իրեն խոստում են տվել:

«Իմ զինվոր եղբայր, խոստացել ես, հաստատ պիտի գաս:

Թեկուզ մի քիչ ուշ, բայց գիտեմ, կգաս,

Ուզում եմ, որ գաս շքանշանով,

Որ գաս, աշխարհով մեկ կհայտարարեմ, որ դու եկել ես»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում