Հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսն ապակենտրոնացված իր գործունեությամբ ռազմական դրության պայմաններում բազմաթիվ հարցեր լուծեց: Այսօր այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա մասնակցեց «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկմանը, որը ուղիղ հեռարձակմամբ կազմակերպել էր «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով, ցանցային կառավարումն ավելի արդյունավետ է, քան՝ կենտրոնացված գործելը: Եվ քանի որ մեր բանակն ավելի է մեծացել, կենտրոնացվածի դեպքում սկսում է խնդիրների լուծումը որոշ չափով դանդաղել: Նա բացատրեց բանակի սնունդը մասնավորին հանձնելու օրինակով՝ նշելով, որ նախքան իրագործելը նախագիծը քննադատությունների էր արժանացել, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ ճիշտ որոշում էր: Ըստ նրա, այսօր՝ ռազմական դրության պայմաններում սննդի մասով որեւէ գլոբալ խնդիր չի առաջացել եւ ամեն ինչ ժամանակին մատակարարվել է, որտեղ էլ մի քանի ժամ ուշացում է եղել, ոչ թե մատակարարի, այլ լոգիստիկ խնդիրներով է պայմանավորված եղել:
Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ բանակին առնչվող այլ գործառույթներ էլ պետք է հանձնվեն մասնավորին, որպեսզի արդյունավետությունը բարձրանա. «Մասնավորին փոխանցված համակարգն ավելի արդյունավետ է աշխատում: Այլ ոլորտներում համեմատաբար, խնդիրներ կան: ՊՆ-ում նախկինում պարբերաբար քննարկումներ են եղել եւ շարունակվում են, մտածում ենք է՞լ ինչը կարել է տալ մասնավորին, միգուցե՝ բուժսպասարկումը կամ միգուցե վառելիքաքսուքային նյութերն էլ կարելի է տալ: Հաղթանակից հետո այս խնդիրը շատ սուր դրվելու է բանակի հրամանատարության առջեւ եւ, կարծում եմ, գնալու ենք ավելի շատ աութսորսինգի»:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ հիմնադրամների հավաքագրվող գումարներին, որոնց առյուծի բաժինն ընկած է ՀՀ քաղաքացիների, բիզնեսի ուսերին, բանակը ահռելի ծախս է պահանջում եւ այդ ամենը հսկայական ծախսեր է տնտեսության համար: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր զորքն ամենաշատը ծխախոտ է ուզում. «Ասում են՝ սնունդը լավ է, հագուստը ոչինչ, կդիմանանք մի քանի օր էլ, բայց ծխախոտ ուղարկեք: Տնտեսությունը, բիզնեսը չափազանց մեծ դերակատարություն ունի եւ ուղիղ համեմատական է տնտեսական չափորոշիչները բանակի մարտունակության հետ: Իհարկե, կազմակերպչական, ռազմագիտական առանձին ուղղություններով ազդում են բանակի մարտունակության վրա: Տարիներ շարունակ ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայողին բաժին հասնող ծախսային մասը, զարգացող պետությունների ցուցանիշներով նայենք, բավականին փոքր թիվ է կազմել, դրա համեմատ ապահովել են բարձր մարտունակություն՝ շնորհիվ նվիրվածության, կրթության: Բայց, եթե դու դա երկու անգամ բարձրացնես, կնշանակի երկու անգամ ավելի շատ արկ կկրակի խաղաղ ժամանակ, երկու անգամ ավելի արդյունավետ մարտունակություն կունենա: Եթե դու նոր զինատեսակներ ունես, ավելի լավ կկռվի, եթե դու գիշերային տեսանելիության ավելի լավ սարքավորումներ բերես, գիշերն ավելի արդյունավետ կկռվի, այս բոլորը ֆինանսական հիմքով է գնում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am