Քաղաքային միջավայրը մարդու ստեղծագործությունն է, բայց դուրս չէ բնական մեծ համալիրի համատեքստից։ 1924 թվականին Լադոգա և Չուդ լճերից Սևանի ավազան տեղափոխվեց սիգ ձկնատեսակը: Վերջինս համառ մրցակցության մեջ մտավ իշխանի 4 ենթատեսակների հետ և հաղթեց՝ զավթելով իշխանի հայրենիքը: Տարիներ անց այս հեղաշրջմանը սաբոտաժով պատասխանեցին ավազանի նոր բնակիչները՝ խեցգետինն ու կարասը: Վերջինս առանձին սողունների նմանությամբ առանց որձի էլ կյանք է անում և կուսածնությամբ վայրենի աճ տալիս, տղա ես՝ հասի ետևից…
… Կենսունակ են նրանք, ովքեր կարողանում են այդ պաշարը ոչ թե մսխել, այլ բեռնել նոր հոսքերով: Այնպես որ, մեղավոր է անողնաշարավորը, որ կենսունակ չէ: Պետք է ճանաչել մերձակա շրջապատը, իսկ այս կենդանաբանական էքսկուրսը հենց այստեղ ավարտենք, որովհետև բարոյական չէ կենդանիների շահագործումը նաև այս տարածքում: Տոկիոյի կենդանաբանական այգին, օրինակ, տարին երկու անգամ փակում են, որպեսզի կենդանիները հանգստանան մարդկանցից: Մեր զրույցը պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանի հետ ընդամենը փորձ է էկոլոգացնելու քաղաքականությունը, բարոյականությունը, մեդիան։ Չքաղաքականացնել։
– Պրոֆեսոր, Ձեր գրքերից մեկում ես կարդացի աշխարհի, թերևս, ամենամեծ գույժը՝ կենսոլորտը սպառնում է մարդուն զրկել բանականությունից։ Ավելին, Դուք հիմնավորել եք, որ այս պրոցեսն արդեն սկսված է. Ասել է թե, մարդկային գլխուղեղը չի բանում նախկին ակտիվությամբ, իսկ կենսոլորտն այլևս չի կարող հանդուրժել իր հավասարակշռությունը խախտած քմահաճ արարածներին։ Փաստորեն նոր, խելապակաս աշխարհի սկի՞զբն եք ազդարարում։
– Այո։ Բանականության աստիճանական կորուստն արդեն նշմարելի է։ Մարդը հանդգնել է քայքայել Երկրի վրա կյանքի զարգացման նորմալ ընթացքը, խախտել է կենսոլորտի դինամիկ հավասարակշռությունը, և կենսոլորտը՝ որպես ինքնակարգավորվող համակարգ, չի հանդուրժելու այս տեսակի գոյությունը։ Այսօր արդեն մարդու մեղքով ապականվում և վերանում է բնությունը, որի հետևանքով կվերանա հենց ինքը՝ մարդը։ Ամեն օր Երկիր մոլորակի վրայից անհետանում է մեկ տեսակ, վերանում են տեսակների միջև եղած կապերը, խախտվում է նրանց թվաքանակը։ Ամեն տարի ոչ պիտանի է դառնում 6- 7 միլիոն հեկտար հողատարածք։ Համաշխարհային օվկիանոս է թափվում 10 մլն տոննա նավթ։ Բնությունն այսպիսի ճգնաժամ երբեք չի տեսել։
– Ասված է՝ երբ Աստված ուզում է պատժել մարդուն, առաջին հերթին խելքն է վերցնում։ Փաստորեն, բնության մեջ, ի տարբերություն հասարակական կյանքի, միշտ ոճիրին հետևում է պատիժը։ Բայց, ամեն դեպքում, չե՞ք շտապել այս ահասարսուռ դատավճիռն օր առաջ հրապարակելով. արդյոք չկա՞ հետդարձի ճանապարհ։
– Տեսեք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եգիպտական մումիաների ու ժամանակակից մարդկանց մարմնում կապարի քանակը խիստ տարբեր է՝ երբեմն 1000 անգամ բարձր։ Փաստորեն, մարդու նյարդային բջիջներում կալցիումը փոխարինվում է կապարով, որն ամբողջությամբ փոխում է մարդու նյարդային բջիջները, հոգեֆիզիոլոգիական գործառույթները։ Գրենլանդիայի մեկ տոննա թարմ ձյան մեջ կապարը 10 անգամ ավելի շատ է, քան 200 տարի առաջ էր, որն առաջացնում է գլխուղեղագրի փոփոխություն, քնի և հիշողության դժվարություններ, գլխուղեղի կիսագնդերի ակտիվության նվազում, վարքի փոփոխություն։ Նախ և առաջ ընկնում է մտավոր ընդունակությունը և արագացնում մարդու ծերացումը…
– Կարծում եմ՝ քիչ հետո ավելի առակախոս կդառնանք, մանավանդ, որ ամբողջ աշխարհում այսօր արդեն լայն թափ է առնում քաղաքականության, հասարակության էկոլոգացումը, բարոյականության էկոլոգացումը՝ այսպես կոչված էկոբարոյականությունը, մեդիայի էկոլոգացման խնդիրն էլ այսօր պակաս արդիական չէ. և ուրեմն թույլ տվեք հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ցույց տվեց կյանքը, ո՞ր տեսակներն են ավելի խոցելի, որո՞նք ջնջվեցին աշխարհի երեսից, օրինակ, անողնաշարավորն ավելի՞ պաշտպանված է ողնաշարավորից։
– Բոլոր դեպքերում բարձր զարգացում ունեցողներն ավելի խոցելի են. որքան զարգացած է տեսակը, այնքանով էլ հետապնդվում է։
– Այ, այստեղ համընկնումն ակնառու է. խելոքը շատ թշնամի ունի, և սա բնական է, որովհետև զարգացած տեսակը փոփոխություններ է առաջադրում, իսկ մեծամասնությունը պաշտպանված է իր կայունությամբ։
– Իհարկե, և պատահական չէ, որ կենսոլորտում ամենախոցելի տեսակը մարդն է, որովհետև հենց մարդն է օժտված բարձր բանականությամբ, նրան է միայն տրված այդ շնորհը։
– Պրոֆեսոր, բայց բոլոր կենդանի օրգանիզմներն ահռելի քանակությամբ քչացել են, իսկ մարդը՝ շատացել։ Ընդհանրապես, որո՞նք են տեսակի վերացման հիմնական պատճառները։
– Որակական տեսակետից ամենամեծ կորուստները հենց մարդն է կրել. եթե նա այսօր այսպիսի խելահեղ արագությամբ ոչնչացնում է իր շրջակա միջավայրը, կնշանակի նրա ինքնահոշոտումն սկսված է։ 300 կաթնասուն և թռչուն վերացել են արդեն, իսկ տեսակը վերանում է հետապնդումից, վերանում է բնական արեալների ոչնչացումից, միջավայրի ապականումից։ Տեսեք՝ փոկերը, դելֆիններն իրենց ափ են նետում, երբ բնական միջավայրն աղտոտվում է, երբ տեսակը կորցնում է ինքնապահպանման բնազդը։
– Կարծես, սկսում եմ հասկանալ, թե Հայաստանում ինչու են ինքնասպանությունները շատացել…
– Սա բնության մեջ պաշտպանական միջոց է. մարդն էլ, երբ գնում է այդ ծայրահեղ քայլին, նա իր տեսակին այդպիսով տեղեկատվություն է փոխանցում որևէ վիճակի անելանելիության մասին։ Երբ, օրինակ, արեալում տեղեկատվություն է սփռվում, որ կերը պակասել է, պոպուլյացիայի մի որոշակի մասն ամբողջին պահպանելու համար գնում է ինքնազոհության։ Միայն վերջին 100 տարում երկրի երեսից վերացել է 68 տեսակի և 55 ենթատեսակի կաթնասուն։ Իսկ 232 տեսակ հազվադեպ է արդեն հանդիպում։ Իսկ թռչունների ոչնչացման ծավալներն ավելի մեծ են։ Չվող թռչունների կորուստը կազմում է համարյա 90 տոկոս։
Հարցազրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի
Ամբողջությամբ՝ tert.am