Թե ինչու են համայնքների բնակիչները բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ, կա մեկ պատասխան՝ բառի բուն իմաստով չունենք իշխանություն, որն իրավասու լինի այդ սահմանազատման աշխատանքներին մասնակից լինել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Այսինքն, չկա մի այնպիսի մարմին կամ գերատեսչություն, որը հանձն կառնի այդ գործառույթը և կիրականացնի: Դա կարող են անել Տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանները, բայց չեն իրականացնում այդ գործառույթը և ստիպված յուրաքանչյուր համայնք մի կերպ փորձում է իր գլխի ճարը տեսնել»,- նշեց նա:
Կարեն Հովհաննիսյանը նաև խնդրահարույց է համարում այն սկզբունքները, որով տեղի է ունենում սահմանազատումը՝ խորհրդային սահմաններով, GPS համակարգերով:
Որպես այդպիսին խորհրդային ժամանակաշրջանում չեն եղել սահմաններ, այդ ժամանակ եղել են ոչ թե պետությունների, այլ կոլտնտեսությունների համար նախատեսված սահմանազատումներ: Այդ կոլտնտեսությունները ժամանակին նաև միմյանց միջև ձեռք են բերել պայմանավորվածություն, որ 1, 2 կամ 5 տարով այս կամ այն տարածքը ժամանակավորապես տրամադրում են մեկ այլ կոլտնտեսության, որը խնդիր ունի արոտի հետ: Եվ այսօր հիմք ընդունել Google-ով գծած քարտեզը ու դրանով GPS-ով սահմանազատում անել, դա ամենաթող վիճակի վկայությունն է»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am