Կարեն Ավագյանին էջմիածնում գիտեին բոլորը. Պատրաստակամությամբ փորձել է օգնել բոլորին։ Ապագայի մասին չէր մտածում ու օրով էր ապրում։ Որոշ ժամանակ ֆուտբոլ է հաճախել, ապա երազել ծրագրավորող դառնալ, բայց դեռ մասնագիտության ընտրության հարցում վերջնական որոշում չկայացրած՝ դպրոցն ավարտեց ու մեկնեց ծառայության։
Կարենը մայրիկի՝ Նելլի Ավագյանի հետ հարաբերություններում քույր ու եղբոր պես էին՝ միմյանցից ոչինչ չէին թաքցնում։ Կարենը տան միակ որդին էր, բայց ծառայությունն անց էր կացնելու Արցախում։ Երեք ամիս չէր էլ անցել, երբ սկսվեց պատերազմը։
Գիտեր՝ տանը անհանգիստ սպասող կա ու ամեն օր, թեկուզ մեկ րոպեով զանգահարում էր տուն, ասում՝ ամեն ինչ կարգին է։
«Հրաշք, խելոք, ընկերասեր էր Կարենը։ Հնարավորություն կար արտերկիր մեկնելու, չհամաձայնեց, ասաց ապրիլյանի տղերքը ոնց գնացին հայրենիքը պահեցին։ Մինուճարս էր, բայց տարան Ջաբրայիլ, հետո տեղափոխեցին Հայկաձոր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Ավագյանի մայրը։
Պատերազմը թեժացավ, ամենօրյա զանգերը կրճատվեց ու տուն էր զանգահարում երկու օրը մեկ։ Հայրիկի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 17-ին եւս չէր զանգել, հաջորդ օրը բոլոր հնարավոր հեռախոսահամարներով փորձել էր հեռախոսակապ հաստատել մայրը, բայց որդու հետ խոսել չէր հաջողվում։
«Աղաչում, աղերսում էի, որ խոսեի որդուս հետ։ Ինֆորմացիա չունենք, մեկ ասում էին ողջ է, հետո իմացանք, որ մահացել է»։
Նելլի Ավագյանը պատմում էր, որ տան միակ զավակի ծառայությունը մոտ պետք է անցներ, որդին չի թողել բարձրաձայնեն, լուռ գնացել է Արցախ, ասելով՝ մեր հողն է, ի՞նչ տարբերություն։
Հայրենիքի պաշտպանության համար զոհված Կարենին պետք է հուղարկավորեին Եռաբլուրում, մայրը թույլ չտվեց, ասում է՝ ամեն օր պետք է որդուն տեսնի։