Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցից գիտնականները ներկայացրել են գրիպի շտամների ընդարձակ սպեկտրի եւ ենթատեսակների դեմ աշխարհում առաջին ունիվերսալ պատվաստանյութի նախնական կլինիկական փորձարկումների արդյունքները: Արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:
Պատվաստանյութը ստեղծվել է քիմերային հեմագլյուտինինի (HA) հիմքի վրա: Գիտնականների խոսքով՝ այս պատվաստանյութի կիրառման դեպքում գրիպի դեմ ամենամյա պատվաստման անհրաժեշտությունը վերանում է:
Գրիպի դեմ սովորական պատվաստանյութերն արտադրում են չեզոքացնող հակամարմիններ՝ ուղղված HA հատուկ դոմենին, որը վիրուսի թաղանթին գտնվող սպիտակուց է եւ ախտածինին օգնում է փոխգործակցել բջջի ռեցեպտորների հետ ու թափանցել դրա մեջ: Խնդիրն այն է, որ այդ դոմենը կարող է մուտացիայի ենթարկվել, ինչն էլ նպաստում է վիրուսի նոր շտամների ի հայտ գալուն, որոնք անընկալունակ են գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերի հանդեպ: Հենց այս պատճառով են ստիպված գրիպի դեմ պատվաստել ամեն սեզոնին:
Իսկ նոր մշակումն ուղղված է HA-ի այլ հատվածի դեմ, որը մուտացիաների ավելի քիչ է ենթարկվում, ինչը թույլ է տալիս չեզոքացնել վիրուսների տարբեր շտամներ:
ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումների առաջին փուլի ժամանակ մասնագետները պատվաստանյութի անվտանգությունն ու իմունածնությունը գնահատել են 65 կամավորների մոտ: Պարզվել է, որ պատվաստանյութը կարող է առաջացնել ուժեղ իմունային պատասխան, որը պահպանվել է 18 ամսից ոչ պակաս: