Արցախի և Հայաստանի կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարելահողերի զգալի մասը՝ մոտ 90 հազար հեկտար հողատարածք։
«Իմ մոտավոր հաշվարկով՝ 90 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հող են հանձնել, ինչը լուրջ խնդիր է», – «Հրապարակի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի խորհրդական (2017-18 թթ․), գյուղատնտես, Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանտ Հարություն Մնացականյանը։
Մնացականյանի խոսքերով՝ այս հողերից ստացվող բերքը համախառն գյուղատնտեսական արտադրանքի մոտավորապես 70 տոկոսն է կազմում, եթե ոչ ավելի։ «Այսինքն՝ այդ հողերի վրա մինչև 150 հազար տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաներ են աճեցվել։ Հիմնական գյուղատնտեսական նշանակության հողերը հիմնականում Ջաբրայիլի, Ջրականի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանում են։ Բերքի մեծ մասն արտահանվում էր Հայաստան, որովհետև 150 հազար տոննա բերքը շատ մեծ թիվ էր, հիմնականը գարու, ցորենի տեսքով արտահանվում էր Հայաստան և որոշակի չափով բավարարում էր Հայաստանի պահանջարկը։ Իսկ մնացած մասը, մնացած պահանջարկը բավարարվում էր Ռուսաստանից, չնչին քանակությամբ Ուկրաինայից և այլ երկրներից կատարվող ներմուծմամբ»։
-Սա նաև բացասակա՞ն կազդի Հայաստանի տնտեսության վրա։
-Բնականաբար, շատ մեծ ազդեցություն, որովհետև 150 հազար տոննա արժեք ցորեն, հացահատիկային կուլտուրա պակաս է արտադրվելու, հետևաբար, այդքան ներմուծվելու է։ Այսինքն՝ 150 հազար տոննա արտադրված արժեքը այսքանի գնայինի մասով պակաս է լինելու։ Հաշվե՛ք, այդքանը քանի աշխատատեղ էր ստեղծում, ինչքան շահույթ էր բերում, ինչքան հավելյալ աշխատատեղեր էր բացում, հավելյալ արժեշղթա էր մեծացնում, հիմա դա չկա։ Արցախում և՛ արքայանարինջի, և՛ նռի նոր հիմնված այգիներ կային, Կովսականում կային նաև ձիթապտղի նորատունկ այգիներ, ձմերուկի մեծամասշտաբ բոստաններ կային։
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև ներմուծումների մասով։
-Ես ճանապարհային քարտեզ հրապարակել էի իմ ֆեյսբուքյան էջում՝ հացահատիկային մշակաբույսերի զարգացում, չօգտագործվող տարածքների յուրացում, սերվիս սուբսիդավորումից սկսած մինչև ճիշտ սերմերի ներմուծում, հողի ճիշտ ցանքաշրջանառություն, հողերի ճիշտ պարարտացում, տեխնիկայի պարկի թարմացում և այլն։
-Պարենի պակաս կառաջանա՞։
-Պարտադիր առաջանալու է պարենի պակաս։ Սկզբնական շրջանում պետք է լրացվի ներմուծումով, հետո կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի` դեֆիցիտը փակելու համար, հստակ, կոնկրետ գործուն քայլեր, անհետաձգելի միջոցառումներ։
-Պատերազմի հետևանքով պարենի անվտանգության խնդիր առաջացե՞լ է։
-Պարենի խնդիրներ առաջացել են, բայց, փառք Աստծո, որոշ պետությունների միջամտության շնորհիվ կանխվել են խնդիրները։
-Այդ պակասը որտեղի՞ց է հնարավոր լրացնել, էլի՞ Ուկրաինայից ու Ռուսաստանից։
-Ռուսաստանից է մեծամասամբ ներկրվել է, առաջին անհրաժեշտության սննդամթերքը Ռուսաստանից է ներմուծվում։