Կորոնավիրուսի համավարակը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ COVID-19-ը սպանում է մարդկանց, այլև հեռանկարում այն կբերի հակաբիոտիկակայունության տարածմանը, որն իր հերթին նույնպես կսպանի մեծ թվով մարդկանց: Համավարակի սարսափելի հետևանքները ներկայացված են հոդվածում, որը հրապարակվել է PLOS Pathogens ամսագրում:
Սպասվում է, որ 2050 թվականին ռեզիստենտ ինֆեկցիաների պատճառով ամեն տարի կմահանա շուրջ 10 միլիոն մարդ, ընդ որում՝ վտանգավոր բակտերիաների տարածումը կարագանա COVID-19-ով պայմանավորված հակաբիոտիկների հաճախակի նշանակման պատճառով:
Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները հիմա աշխատում են հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների դեմ պայքարի նոր մեթոդի ստեղծման վրա: SAFIRE մեթոդը նախատեսված է նոր մոլեկուլների որոնման համար, որոնք կօգնեին պայքարել ինֆեկցիաների դեմ: Նրանք 14 400 թեկնածուներից ընտրել են 70 առավել հեռանկարայինները: Ընդ որում՝ դրանցից JD1-ը հատկապես արդյունավետ է եղել գրամբացասական բակտերիաների դեմ: Այս բակտերիաներն ունեն լրացուցիչ արտաքին շերտ, որը նրանց պաշտպանում է հակաբիոտիկներից: Սակայն առաջնային իմունային ռեակցիան JD1-ին օգնում է թափանցել մանրէների մեջ և ազդել ներքին թաղանթի վրա:
Հետազոտությունների ժամանակ JD1-ը 95 տոկոսով նվազեցրել է Salmonella enterica գրամբացասական բակտերիաների կենսունակությունը: Ընդ որում՝ կաթնասունների բջիջները անվնաս են մնում:
Ամեն տարի միայն ԱՄՆ-ում 35 հազար մարդ մահանում է ինֆեկցիաների հետևանքով, որոնք առաջացնում են գոյություն ունեցող դեղերի հանդեպ կայուն բակտերիաները: Մեծ թվով այլ մարդիկ տառապում են դժվար բուժվող ինֆեկցիաներով, ինչպես՝ անգինան, միզուղիների ինֆեկցիաները և թոքաբորբը: Նոր հետազոտության հեղինակները նշում են, որ 2050 թվականին բակտերիաների պատճառով ավելի շատ մարդիկ են մահանալու, քան քաղցկեղի: