Հետքայլ. Հայաստանում ցանկանում են հետաձգել հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը, մինչդեռ ՌԴ-ում ծխողների համար նոր արգելքներ են մտցնում
Advertisement 1000 x 90

Հետքայլ. Հայաստանում ցանկանում են հետաձգել հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը, մինչդեռ ՌԴ-ում ծխողների համար նոր արգելքներ են մտցնում

Հայաստանի Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է օրինագիծ, որի շրջանակում նախատեսվում է հետաձգել հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը, որն ընդունվել էր ընթացիկ տարվա սկզբին: Օրինագծի հեղինակները պնդում են, որ հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելը կարող է «բացասաբար» անդրադառնալ երկրի տնտեսության վրա:

Մինչդեռ Ռուսաստանում հակածխախոտային օրենսդրությունը շարունակում են խստացնել, քանի որ փորձը եւ հետազոտությունները ցույց են տվել, որ դա դրական է ազդում բնակչության առողջության վրա: Այսպես՝ մյուս տարի Ռուսաստանում ուժի մեջ են մտնելու ծխողների համար նոր արգելքներ եւ սահմանափակումներ: Շատ վայրերում ծխելն արգելված է դեռեւս 2013 թվականից, հիմա այդպիսի վայրերի ցանկը կընդլայնվի: Ավելին՝ նոր օրենքի ընդունումից հետո մեկ տուփ ծխախոտի նվազագույն գինը կկազմի շուրջ 106 ռուբլի: Նոր նորմերը ուժի մեջ են մտնելու ապրիլի 1-ից:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Հայաստանում հակածխախոտային օրենքի շուրջը տեղի ունեցողը կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան հետքայլ:

Նրա խոսքով՝ դեռեւս 2014 թվականից հայ-ռուսական համաժողովներում ամբողջ ժամանակ քննարկվել են երկու երկրներում հակածխախոտային քաղաքականության սիներգիզմի հարցերը: Վերջապես այսօր Հայաստանում հակածխախոտային օրենքն այնպիսին է, ինչպես Ռուսաստանում եւ շատ զարգացած երկրներում. մեծ թվով փորձագետների գնահատմամբ՝ սա անչափ ժամանակակից օրենք է, որը բխում է հանրային առողջապահության շահերից:

Այս օրենքի ընդունմանը հավանություն է տվել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ այն կծառայի երկրում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված իրավիճակի բարելավմանը: Հայաստանը նույնիսկ սրա հետ կապված երկու արտոնագիր է ստացել:

«Եվ ահա հիմա մենք ցանկանում ենք մեկ քայլ հետ գնալ: Ինչո՞ւ: Ինչի՞ կհասնենք: Այսօր տեղի ունեցողը ուղղակի այլ կերպ չես անվանի, քան «ֆեյլ» եւ հետքայլ»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով, երբ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն ընդունվեց, դրա ուժի մեջ մտնելու ժամկետները «փոխզիջումային» էին, որ բիզնեսը հասցնի նախապատրաստվել եւ հարմարվել: Բիզնեսը պատրաստվելու համար բավականին շատ ժամանակ ուներ:

Ավելին՝ հակածխախոտային օրենքով նախատեսված «ամենածանր» սահմանափակումները ուժի մեջ են մտնելու 2022 թվականի մարտից՝ հանրային փակ հաստատություններում ծխելու արգելքը: Իսկ 2021 թվականից ուժի մեջ են մտնում միայն «թեթեւ» սահմանափակումները, որոնք ո՛չ բնակչության, ո՛չ բիզնեսի համար առանձնապես խնդիրներ չեն ստեղծում: Խոսքը խանութներում եւ հանրային սնունդի ձեռնարկություններում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պարագաների, այդ թվում՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքի մասին է:

«Ես չեմ հասկանում, թե նրանք ինչու են ցանկանում հետաձգել այս սահմանափակումների ուժի մեջ մտնելը: Մի՞թե ծխախոտի ցուցադրման եւ գովազդման արգելքի ուժի մեջ մտնելը հետաձգելը իրոք մեր երկրի ամենալուրջ խնդիրն է: Մի՞թե հիմա այդքան անհրաժեշտ է ընդունված օրենքում այս փոփոխությունների կատարումը: Մի՞թե հենց այս փոփոխությունները կփրկեն մեր երկիրը եւ նրա զարգացման նոր լիցք կդառնան: Մի՞թե հենց դրանք կօգնեն լուծել խնդիրները, որոնց մենք այսօր բախվել ենք,- հարցնում է մասնագետը: – Իմ համոզմամբ՝ մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք, եւ հենց դրանց լուծման համար է պետք ծախսել ուժերը, ռեսուրսները, որ մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանքի»:

news.am