«Ռազի ժպիտը միշտ երեսին էր՝ անկախ տրամադրությունից։ Նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել։ Ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում միշտ։
Մանկուց սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, տարբերվել իր աշխուժությամբ և չարաճճիությամբ։ Գրեթե միշտ կռիվների մեջ էր ընկնում հասակակիցների հետ, ովքեր հետագայում դարձան իր ամենամոտ ընկերները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում նահատակված կամավոր Ռազմիկ Մկրտչյանի քույրը՝ Էլիզա Մկրտչյանը։
Ռազմիկ Վահանի Մկրտչյանը ծնվել է 1996թ. փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Ռազմիկը 2013թ. ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, ուսումը կիսատ թողնելով՝ 2014թ. զորակոչվել է բանակ՝ հայրենիքին իր պարտքը տալու համար, որտեղ նրան շնորհվել է սերժանտի կոչում։ Ծառայության ընթացքում՝ 2015թ. ուս. տարում, պարգևատրվել է մարտական պատրաստության գործընթացում բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական օրինակելի կարգապահության համար «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Ռազմիկը մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, որտեղ եղել է հրանոթների ջոկի հրամանատար, նույն թվականի հուլիսի 2-ին ավարտել է ծառայությունը։
Պատերազմում զոհված հերոսի քույրը պատմում է.
«Բանակից վերադառնալուց հետո միշտ կրկնում էր, որ եթե կռիվ լինի, անպայման գնալու է։ Նրա խոսքը միշտ գործ է եղել, ինչպես այս դեպքում։
Դեռ առաջին դասարանում միջոցառումների ժամանակ ուներ երազանք՝ հայրենիքին արժանի զինվոր դառնալ, չբավարարվեց միայն ապրիլյանին մասնակցելով և, այո, դարձավ արժանի զինվոր՝ հերոս։
Արցախյան պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, միշտ կրկնում էր՝ «գնալու եմ», ու երբ լսում էր, որ կամավոր տղաներից «փախել» հետ են եկել, ասում էր. «Ախր կռիվը ամեն մարդու բան չէ, ամեն մարդ չի կարող»»։
Էլիզը պատմում է, որ Ռազմիկը ռազմաճակատ մեկնելու օրվանից միշտ կապի մեջ է եղել իրենց հետ։
«Հոկտեմբերի 4-ից ամեն օր զանգում էր, մամայի հետ խոսելիս ասում էր՝ մի անհանգստացիր, մամ ջան, Գորիսում ենք, էստեղից ոչ մի տեղ չեն տանելու մեզ, դու էլ գիտես՝ կռի՞վ եմ եկել։
Հոկտեմբերի 10-ից զանգերը դադարեցին…»։
Ռազմիկ Մկրտչյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ արցախյան պատերազմի 14-րդ օրը, թշնամու ԱԹՍ-ի հարվածից։
Էլիզ Մկրտչյանը պատմում է, որ իրենք եղբոր զոհվելուց հետո են իմացել, որ կամավորագրվել է ու հենց գնացած օրվանից Ջաբրայիլում է եղել։
«Զգացողություններս աննկարագրելի են, ցավս սահման չունի, կարոտը ուղղակի խեղդում է… ու միայն կարող եմ ասել, որ ինձ ու իմ ընտանիքին հերոս պետք չէր, մեզ մեր Ռազն է պետք, մեր ընտանիքի հպարտությունը…»,-եզրափակում է արցախյան պատերազմում նահատակված 25-ամյա կամավորի քույրը՝ Էլիզ Մկրտչյանը։
Անահիտ Չալիկյան