Այսպես կոչված՝ հետկովիդային համախտանիշն արդեն մտցվել է Հիվանդությունների միջազգային դասակարգման՝ ՀՄԴ-10-ի մեջ: ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից մասնագետների խումբը նկարագրել է 55 երկարաժամկետ հետեւանքներ, որոնց դեմ միլիոնավոր մարդիկ պայքարում են COVID-19-ից հետո ամիսներ անց:
Նշված մասնագետները տարբեր երկրներից 15 հետազոտությունների ամփոփում են կատարել, որոնք ընդգրկել են 17-87 տարեկան մոտ 44 800 պացիենտների, որոնք ունեցել են COVID-19-ի թեթեւ, չափավոր եւ ծանր ընթացք: Հետազոտության ժամկետը կազմել է 2 շաբաթից մինչեւ 100 օր:
Վերլուծությունը ցույց է տվել, որ հիվանդության պատմության մեջ հաստատված COVID-19 ունեցող մարդկանց ոչ պակաս 80 տոկոսը իրեն լիարժեք առողջացած չի զգում, իսկ ոմանց մոտ ախտանիշները ոչ միայն պահպանվում են, այլեւ ամիսներ անց սաստկանում: Պացիենտներն ավելի հաճախ գանգատվում են գերհոգնածությունից (58 տոկոս), քրոնիկական գլխացավերից (44 տոկոս), ուշադրության կենտրոնացման խանգարումներից եւ հիշողության խնդիրներից (25 տոկոս): Հիվանդությունը հաղթահարածներից յուրաքանչյուր չորրորդը,- ավելի հաճախ կանայք,- հայտնում է մազաթափության մասին:
Գիտնականները հիվանդությունը հաղթահարածներից 34 տոկոսի մոտ ռենտգենյան եւ ՀՏ պատկերներում թոքերի պաթոլոգիաներ են հայտնաբերել եւ արյան մեջ D-դիմերի մեծ խտություն, ինչը ցույց է տալիս թրոմբների առաջացման մեծ հավանականությունը (պացիենտների 20 տոկոսի մոտ): Պացիենտներից շատերը գանգատվում են նաեւ կրծքի վրա ճնշումից, հեւոցից, գիշերային քրտնարտադրությունից, հազից, քնի մեջ ապնոեից, դեպրեսիայից, տագնապայնությունից եւ սեւեռուն վիճակներից: