Սքրինինգային ծրագրեր. Ինչո՞ւ են դրանք կարեւոր
Advertisement 1000 x 90

Սքրինինգային ծրագրեր. Ինչո՞ւ են դրանք կարեւոր

Հաջող բուժման հավանականությունը զգալիորեն մեծանում է, երբ ուռուցքային հիվանդությունները ժամանակին են ախտորոշվում: Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը նշեց, որ եթե, օրինակ, թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է 1-ին փուլում, պացիենտների մոտ 90 տոկոսը 5 տարի հետո ողջ է լինում: Իսկ եթե նույն հիվանդությունը 4-րդ փուլում է, ապա 5-ամյա ապրելիությունը դժվար է հասնում 5 տոկոսի:

Մասնագետի խոսքով՝ նախկինում Հայաստանում շատ ուռուցքային հիվանդություններ ավելի հաճախ հայտնաբերում էին ուշ փուլերում: Օրինակ՝ նույն թոքերի քաղցկեղի դեպքում դեպքերի մոտ 53 տոկոսը ուշացած էր, իսկ հիմա այդ թիվը հասնում է մինչեւ 40 տոկոսի: Իսկ ինչ վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, նախկինում 47 տոկոս դեպքում հայտնաբերում էին բարձիթողի վիճակում, իսկ հիմա՝ 22-23 տոկոս դեպքերում:

Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ սքրինինգային ծրագրերը մեծ դեր են խաղում վաղ ախտորոշման մեջ, որոնց միջոցով հիվանդությունը կարելի է գտնել ասիմպտոմ պացիենտների մոտ, որոնք անգամ չեն կռահում, որ հիվանդ են:

Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ ընթացիկ տարվա հունվարից Վանաձորում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի ծրագիր, եւ դրա շրջանակում արդեն 307 կին հետազոտվել է: Այս փորձնական ծրագիրը նախատեսվում է անցկացնել 3 մարզերում, որի շնորհիվ կհաջողվի ժամանակին հայտնաբերել հիվանդության շատ դեպքեր, ինչը կփրկի տասնյակ, հարյուրավոր կյանքեր:

Հայաստանում 2020 թվականին նախատեսվում էր նաեւ սկսել կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր, բայց այն ստիպված էին հետաձգել համավարակի պատճառով: Մասնագետները հույս ունեն, որ մոտ ապագայում, այնուամենայնիվ, կհաջողվի ծրագիրն իրականացնել:

Նախատեսվում է նաեւ ներդնել թոքերի քաղցկեղի սքրինինգի ծրագիր, որի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

news.am