19-ամյա կրտսեր սերժանտ, գյումրեցի Դավիթ Մամիկոնի Համբարյանը ծառայել է Մատաղիսում: Սեպտեմբերի 25-ին զինծառայողը Թալիշի N 156 մարտական դիրքում է եղել՝ որպես դիրքի ավագ: Վերջին լուրը հարազատները նրանից ստացել են սեպտեմբերի 25-26-ին, այսինքն այն ժամանակ, երբ դեռ չէր սկսվել պատերազմը: Հոկտեմբերի 7-ին տղայի անունն ընդգրկվում է զոհվածների ցանկում, սակայն հարազատներին ոչ մարմինն է փոխանցվել, ոչ էլ որևէ տեղեկություն՝ ինչ հանգամանքներում և որտեղ է զոհվել Դավիթը, որը հիմք է տվել ՊՆ-ին տղայի անունը ներառել զոհերի ցանկում:
Դավիթի հարազատները արդեն ամիսներ շարունակ սպասում են ԴՆԹ-ի պատասխանին՝ հույս ունենալով՝ ԴՆԹ համընկնման դրական արդյունքի մասին լուր չեն ստանա… Չմարող հույս կա, որ հնարավոր է Դավիթը գերեվարված լինի:
Դավիթ Համբարյանի հայրը՝ Մամիկոն Համբարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց.
«Հոկտեմբերի 7-ին Դավիթը զոհվածների ցուցակում էր: Ես Ռուսաստանից հետ վերադարձա՝ մտածելով, որ արդեն կգամ, երեխու մարմինը կա, պետք է հուղարկավորեմ: Հոկտեմբերի 10-ին տվեցի ԴՆԹ, ու մինչ օրս պատասխան չկա: Ոմանք ասում են՝ դա հույս է, որովհետև Դավիթիս պահով կոնկրետ ականատես չկա, որ Դավիթը զոհվել է: Իրենց դիրքից երեք հոգի է ողջ մնացել, և բոլոր պատմությունները հակասական են: Մեծամորում շատ կան չճանաչված դիեր… լուսանկարներ: Ես եղել եմ նաև Հերացիում, երկու անգամ էլ՝ Մեծամորում: Չճանաչված մարմինների իրենց բազաները նույնն են: Բոլոր նկարները նայել եմ, բայց Դավիթը չկա… Մնացածը ցելոֆոնե պարկերի մեջ են, դա նայելու բան չէ…
Ուստի միակ ճանապարհը ԴՆԹ արդյունքին սպասելն է:
Օրինակ այսօր առավոտյան ես իմացա, որ նոյեմբերի 19-ին Մատաղիսից և Թալիշից բերված մարմինների մեջ գտնվել է իմ ծանոթներից մեկի որդին… այսինքն երեք ամիս անց: Պրոցեսն ինձ համար անհասկանալի է: Իրենք ինչպե՞ս են անում, որ վերջերս դուրս բերված դիերը մեկ շաբաթում ճանաչվում է, 5 ամիս առաջվա մարմինները՝ դեռ ոչ: Հետ ու առա՞ջ են գցում, ի՞նչ են անում՝ ես պատկերացում չունեմ այդ պրոցեսից»:
Զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը Դավիթի հարազատներին փոխանցել է, որ ինքը հետաքննություն է անցկացրել, հարցուփորձ է արել զինվորներին, սակայն որևէ մեկը Դավիթին չի տեսել: Հետագայում Աբրահամյանը նոր ցուցակ է կազմել և Դավիթ Համբարյանի անունն ընդգրկել է անհետ կորածների ցանկում:
«Ես դիմել եմ ՄԻԵԴ հայաստանյան գրասենյակ: Դավիթին փորձելու ենք ներառել գերիների ցանկում: Հիմա փորձելու ենք հասկանալ՝ ինչ փաստեր կան, որոնք կարելի է ներկայացնել Եվրոպական դատարան՝ Ադրբեջանից պահանջելու տեղեկություն: Հիմա այդ գործընթացն է:
Իսկ ԴՆԹ-ների պատասխանների սպասումը էմոցիոնալ շոկ է, որն ապրում ենք: Ամեն օր հաշվում եմ, թե քանի օր է անցել, քանի մարմին է ԴՆԹ անցել… ու աղոթում եմ, որ չլինի համընկնում: Ես ուզում եմ գտնել իմ զավակին, բայց ոչ անշնչացած մարմինը… Հիմա ասելիքս այն է, որ գոնե շուտ-շուտ տվյալներ ու տեղեկություններ հրապարակեն, թե քանի մարմին է նույնականացվել, քանիսն են մնացել:
Ասացին, որ բերել են ԴՆԹ նույնականացման երկրորդ սարքը: Երբ ընդամենը մեկն էր սարքը, ասում էին, որ օրական 25-26 մարմին է նույնականացվում: Այսօր պետք է որ 50 լիներ, բայց պարզվում է, որ երկու սարքը միասին օրական նույնականացվում է 30 տվյալ»,- նշեց զինծառայողի հայրը:
Ուշադրության արժանի փաստ է նաև այն, որ հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 10-ին Դավիթ Համբարյանի “ВКонтакте” սոցիալական ցանկցում գրանցվել է մուտք: Հայրը դիմել է համապատասխան մարմիններին՝ պարզելու համար ով և որտեղից է մուտք գործել սոցցանց, բայց ապարդյուն…
«Մենք այս օրերի ընթացքում չենք ապրում: Մենք չենք ապրում… Կյանքը մեր ընտանիքի համար կանգ է առել: Օրվա յուրաքանչյուր րոպեն զբաղված եմ Դավիթի մասին մտածելով, տարբեր կառույցների, անհետ կորածների հարազատների հետ զրուցելով: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է կյանքը շարունակվելու: Թող ողջ լինի Դավիթս, թող գերության մեջ լինի, միայն թե վերադառնա: Թող 5 տարի հետո գա, միայն թե գա: Սարսափելի է գերությունը, բայց որ գիտես, որ երեխադ ողջ է, դա արդեն հույս է տալիս սպասել»:
Արմենուհի Վարդանյան