«Թատրոնում էինք, երբ Դավիթը տվեց Վարդանի գիրքն ու ասեց՝ Հակոբ, տղես երկար չի ապրի»,- հիշում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը: Երբ հարցրել էր, թե ինչի համար է էդպես մտածում, ասել էր՝ կկարդաս, կիմանաս։
Վարդանի 15-ամյակին հայրը՝ երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, տպագրել էր նրա պատմվածքներն ու որոշել անակնկալ անել որդուն։ Այդ օրը՝ 2016 թ․ հունվարի 18-ին, տունը հյուրերով լի էր։ Սեղանի շուրջ նստածների ձեռքին նոր գրքույկն էր։ Վարդանը դեռ ոչինչ չգիտեր նվերի մասին։ Հայրը գրքույկը դրել էր ափսեի կողքին ու ինչ-որ պատրվակներով կանչում էր մոտը։ Ուզում էր, որ որդին անակնկալի գա՝ տեսնելով իր պատմվածքների գրքույկն ու դրա վրա գրված անուն-ազգանունը։ Սակայն Վարդանն այդպես չէր նկատել։ Անարդյունք փորձերից հետո հայրը որդուն խնդրել էր գրքույկը դնել դարակում՝ մտածելով, թե գուցե այդպես կկարդա շապիկին գրվածը։ Այդ անգամ էլ չէր նկատել։ Դարակում դնելուց հետո հայրը հարցրել էր, թե արդյոք բան չտեսավ։ Պատասխանը բացասական էր, ինչից հետո Դավիթն ասել էր, թե թող մի հատ վերցնի ու նայի գրքույկը։ «Վարդան Ամալյա՞ն»,- արձագանքել էր տղան։ «Դե բայց էդպես էլ չզարմացավ։ Ասեց՝ էս տպե՞լ ես, հետո ասեց՝ մերսի, պապ ջան»,- հիշում է Դավիթը։
Փոքր ծավալով գրքույկը գրպանի գրքի նման է։ Ժողովածուի 11 պատմվածքները Վարդանը գրել է 11-14 տարեկանում։ Շարադրանքը պարզ է՝ երեւույթների մանկական դիտողականությամբ ու հետաքրքրասիրությամբ։ Բայց սա՝ առաջին հայացքից։ Կյանքի ու մահվան փիլիսոփայությունն աննկատ գծով անցնում է պատմվածքների միջով։ Սեղմ ծավալի մեջ ասելիքը խիտ է դառնում եւ բազմաշերտ։
«Ես հիմա ապրում եմ իր գործերով: Ինձ համար դա նման է կոմիտասյան խազագրության վերծանումների, որ տարիներ շարունակ թաքնված բաներ ես հայտնաբերում։ Իր տողերն էլ այդպիսին են ինձ համար։ Կարդում եմ ու մտածում՝ իմ էրեխեն գրել էր, որ պիտի գնա, ես չեմ հասկացել»,- ասում է մայրը՝ Արմինե Ամալյանը։
Տանը Վարդանի մասին խոսում են ներկայով, եւ այդ ներկան այնքան համոզիչ է թվում, որ մտածում ես՝ գուցե Վարդանը հետեւում է մեր զրույցին։ Ոչ ոք չգիտի պատասխանը։
Վարդանը երկու եղբայրներից ավագն էր։ Լռակյաց, ինքնամփոփ, դրսի տեսածն ու իր հետ կատարվածը չէր պատմի։ Բայց միեւնույն ժամանակ, ինչպես իր «Ինքնաբնութագրի» մեջ է նշել, կռվարար։ Մայրն ասում է՝ ֆիզիկապես շատ ուժեղ էր, հարցեր լուծող, իսկական տղա էր եւ երբեք չի պարփակվել իր գրածի մեջ։
Ամբողջությամբ՝ hetq.am