Իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ
Advertisement 1000 x 90

Իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ

ՀՀ իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝  Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: Նրանք ներկայացրել են սեփական վերլուծությունները վարչապետի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու հետ կապված նախաձեռնված գործընթացի մասին:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

«Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Այսինքն՝ գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով (Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):

Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:

Այսինքն՝ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։

Հետեւաբար՝ գլխավոր շտաբի պետին ազատելու կապակցությամբ մեկնարկած գործընթացն ինքնին հակաիրավական է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել»,- գրել էր Մելոյանը:

«Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գլխավոր շտաբի պետը բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողն է, ով նշանակվում է 5 տարի ժամկետով` համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի. «Սա բխում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ահա և օրենքն էլ սահմանել է 5 տարի ժամկետ, իսկ նախագահն էլ իր 2020 թվականի հունիսի 8-ի ՆՀ-119-Ա հրամանագրով կատարել է 5 տարվա նշանակումը: Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է, ըստ որի օրենքը պետք է սահմանի նաև ազատման ԴԵՊՔԵՐԸ: Օրենքը դեպք չի սահմանել, այլ 40-րդ հոդվածի 3-րդ կետում լոկ նշել է, որ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:» Այսինքն օդից վերցնելով կարելի որոշել, ինչը բնականաբար Սահմանադրության պահանջի խախտում է:

Այսպիսով, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը»:

Ամբողջությամբ՝ tert.am