Այսօր շատ են նիհարելու եւ առողջ սննդակարգի մասին միֆերը, եւ դիետոլոգ ու նուտրիցիոլոգ Լորա Ֆորդը (Ավստրալիա) ցրել է դրանցից մի քանիսը:
Ածխաջրերից հրաժարում
Մասնագետի խոսքով՝ ածխաջրերն անհրաժեշտ են օրգանիզմին, ուստի չի կարելի ամբողջովին հրաժարվել դրանցից սլացիկ կազմվածքի համար: Ածխաջրերը վառելիք են ուղեղի համար, իսկ դրանց պակասի դեպքում օրգանիզմը սկսում է նախ այրել սպիտակուցները, իսկ հետո միայն՝ ճարպերը:
Մասնագետը կոչ է արել ավելացնել սննդակարգում բարդ ածխաջրերը՝ շագանակագույն բրինձը, ինչպես նաեւ ամբողջահատիկ մակարոնեղենն ու հացը: Ընդ որում՝ չարժե ամբողջովին բացառել սննդակարգից սովորական մակարոնեղենը, հացը եւ կարտոֆիլը, եթե դրանք ձեզ դուր են գալիս, պարզապես կերեք դրանք ավելի հազվադեպ եւ փոքր չափաբաժիններով:
Առանց գլյուտեն մթերք
Ի հեճուկս բոլոր տարածված միֆերի՝ առանց գլյուտեն մթերքը բնավ սովորականից ավելի լավը չէ: Դրանք հաճախ ավելի շատ են մշակվում՝ կորցնելով իրենց օգտակար հատկությունները, դեռ ավելին, դրանցում ավելի քիչ են մանրաթելերը:
Քաշի տատանումներ
Օրվա եւ շաբաթվա ընթացքում քաշի տատանումները, ի տարբերություն տարածված միֆերի, լիովին նորմալ են, պնդում է մասնագետը: Չնայած բազմաթիվ նիհարողները զայրանում են, եթե կշեռքի վրա թիվը չի նվազում, այլ տատանվում է, այդ խնդիրը լուծել չի կարելի:
«Քաշի փոփոխությունը կախված է նրանից, թե որքան է մարդը կերել եւ խմել, ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ քնի որակից»,-ասել է նա:
Մասնագետի խոսքով՝ օրվա ընթացքում քաշի տատանումը կարող է հասնել մինչեւ 2,7 կիլոգրամի, եւ դա լրիվ նորմալ է: