Թվում է՝ ամեն ինչ արդեն վաղուց մտածված է, ինչու՞ է պետք նոր հեծանիվ հորինել։ Բայց ոճաբանի երևակայությանը սահման չկա․ նա անընդհատ մի նորություն հնարում են, ստեղծում նոր միտումներ։ Մազերի ներկման որոշ եղանակներ կարելի է արդեն դասական համարել, որոշներն այլևս չեն օգտագործում, իսկ կան եղանակներ, որ վերջին տարիներին մեծ փոփոխությունների են ենթարկվել։ Մազերի գունավորման 2021 ամենաթրենդային տեխնիկայի, խնամքի ու կատարելության հավերժական փնտրտուքի մասին զրուցել ենք Լոս Անջելեսի ամենաճանաչված վարսահարդարման ստուդիաներից մեկի՝ Studio Kay—ի ոճաբան-քոլորիստ, տաղանդավոր ու գեղեցիկ հայուհի Անի Մինասյանի հետ։
Լուսանկարները՝ elzhbettakirakosyan-ի։
– Անի, շնորհակալ եմ, որ ժամանակ եք հատկացրել հարցազրույցին։ Ձեր ինսթագրամյան էջն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ ունեք ձեր չկրկնվող ձեռագիրը։ Ինչպե՞ս եք արել ձեր առաջին քայլերը։
Մանկուց ինձ մոտ լավ էր ստացվում վարսահարդարումը։ Երիտասարդ տարիքում հաճախ էի հարդարում ընկերներիս ու իմ մազերը։ Պատանեկության տարիներին դրան ավելացավ դիմահարդարումը։ Հաճախ միջոցառումներից առաջ ընկերներիս էի օգնում պատրաստվել։ Մի օր էլ ընկերուհիս՝ Անուշը, ինձ մի հարց տվեց, որը դեռ երկար պտտվում էր գլխումս․ ինչու՞ չես մասնագիտանում այս ոլորտում։ Հենց այդպես էլ ամեն ինչ սկսեց։ Ես ընտրեցի վարսահարդարի լիցենզիա ստանալու և զուգահեռ աշխատելու տարբերակը։ Ներկայումս Studio Kay սրահում տարածք եմ վարձակալում՝ շարունակելով սովորել ու աշխատել, հետ չմնալ թրենդներից ու դրանք միանգամից կիրառել իմ առօրյա գործի մեջ։
Բացի այդ, ես փորձում եմ ստացած գիտելիքներս ու փորձս կիսել հաճախորդներիս ու հետևորդներիս հետ, ինչը խորհուրդ կտամ նաև սկսնակ մասնագետներին։ Ես ունեմ նաև հոգեբանի կրթություն, ինչը շատ օգնում է հաճախորդների հետ շփման, նրանց կարիքների վերհանման ու իրենց երազանքի մազի գույնը ստանալուն։
– Կպատմե՞ք՝ ո՞րն է 2021 թվականի մազի ներկման ամենաթրենդային տեխնիկան։
Կան բազմաթիվ արդի ու արդյունավետ տեխնիկաներ։ Ամենաարդին, թերևս, բալայաժն է, որը, ինչպես նորաձևության շատ այլ «նոր» միտումներ, լավ մոռացված հինն է։ Տեխնիկան ստեղծվել է Ֆրանսիայում 70-ական թվականներին ու հիմա մեծ ժողովրդականություն է վայելում։ Բալայաժի արդյունքում ստացվում է արևի տակ գունային բնական փոփոխության ենթարկվող մազերի էֆեկտ։ Կարևոր է չշփոթել բալայաժը օմբրեի հետ։ Տեսեք․ օմբրեի դեպքում մուգ երանգի մազերին հորիզոնական հաջորդում են բաց երանգի մազերը, իսկ բալայաժի դեպքում այդ հստակ բաժանումը չկա․ բաց գույնը ինչ-որ հատվածում կարող է ավելի ցածր լինել, ինչ-որ տեղ՝ մազարմատին ավելի մոտ։ Սա թույլ է տալիս ավելի բնական երանգավորում ստանալ։
– Ի՞նչն է ամենաշատը ազդում մազերի որակի ու առողջության վրա։
Առողջ մազերը խնամք ու հոգատարություն են պահանջում։ Դրանց արտաքին տեսքի ու առողջության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ․ սննդակարգ, ապրելակերպ, կլիմա, արտաքին գործոններ՝ աղտոտված շրջակա միջավայր, սիգարետի ծուխ, չոր օդ։ Փորձելով մեր արտաքին տեսքն ու ոճը մազերի միջոցով փոփոխել, մենք ինքներս ենք հաճախ վնասում մեր իսկ մազերը ոչ գրագետ գունաթափման, ջերմային կամ մեխանիկական ազդեցության ենթարկելու արդյունքում։ Չափազանց կարևոր է հիշել, որ մազերը մեր օրգանիզմի մի մասն են․ դրանք առանձին դիտարկելն ի սկզբանե սխալ է։ Տեսեք․ երբ դուք քաշ կորցնելու համար որոշում եք խիստ դիետա պահել, ձեր օրգանիզմն ու մազերը չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ, երբ յուղոտ ուտելիք եք օգտագործում, օրգանիզմ է մտնում մեծ քանակությամբ ճարպ, ինչը չի կարող չազդել մազերի արտաքին տեսքի վրա, երբ սիգարետ եք ծխում, ծխում առկա վնասակար նյութերը թե՛ ներքին, թե՛ արտաքին ներգործություն են ունենում մազերի փայլի ու որակի վրա։ Ի վերջո, անքնությունն ու սթրեսը մազաթափության հիմնական պատճառներից են։ Այսպիսով, սեփական օրգանիզմի ու մազերի մասին հոգ տանելը իրարից բաժանել չի կարելի։ Պետք է սիրեք ու խնամեք ձեզ ու ձեր մարմինը․ արդյունքը նկատելի կլինի այդ թվում նաև առողջ մազերի տեսքով։
Ամբողջությամբ՝ news.am