Պարկինսոնի հիվանդությունը հաճախ չափազանց ուշ է ախտորոշվում, երբ նյարդային համակարգն արդեն անդառնալի կերպով վնասված է լինում, եւ բժիշկներին մնում է միայն պայքարել ախտանիշների դեմ: Ուստի գիտնականները լուծումներ են փնտրում հնարավորինս շուտ ախտորոշման համար: Եվ Երուսաղեմի Եբրայական համալսարանն այդպիսի լուծում առաջարկել է, գրում է JPost-ը:
Ըստ առաջարկվող մեթոդի՝ հիվանդությունը հնարավոր է ախտորոշել տեսանելի ախտանիշների ի հայտ գալուց 20 տարի առաջ: Դա անելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ կան աղեստամոքսային տրակտի աշխատանքում: Գիտնականներին հետաքրքրել է փորկապությունը, որը, ինչպես պարզվել է, կապված է հիվանդի նյարդաբանական կարգավիճակի հետ: Հիմքում հիվանդության առանցքային առանձնահատկությունն է: Պարկինսոնի հիվանդության դեպքում դոֆամինային բջիջների պաշարը սպառվում է, իսկ ախտանիշները, մասնավորապես, մոտորիկայի հետ կապված խնդիրները, ի հայտ են գալիս, երբ արդեն շատ բջիջներ են մահացել:
Փորկապությունը Պարկինսոնի հիվանդության սակավաթիվ ոչ մոտորիկային ախտանիշներից մեկն է: Իրականում փորկապությունը բավականին տարածված է: Ուստի գիտնականները հորդորում են այն դիտարկել որպես հիվանդության հիմնական ցուցանիշ դիտարկել: Բանն այն է, որ Լեւիի մարմինները (հիվանդության հետ կապված սպիտակուցային նստվածքներն ուղեղի բջիջներում), ի թիվս այլ բաների, կուտակվում են այն տարածքում, որը վերահսկում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը: Dա բացատրում է փորկապության եւ Պարկինսոնի հիվանդության կապը:
Մկների հետ արված փորձը նույնպես հաստատել է դա. մկների մոտ բարձրացնում էին ալֆա-սինուկլեինի էքսպրեսիան՝ հատուկ սպիտակուցի, որը մեծացնում է Լեւիի մարմինների ակտիվությունն ուղեղի շրջանում, որը վերահսկում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը: Պարզվեց, որ սպիտակուցի չափազանց մեծ էքսպրեսիայի պատճառով ուղեղի բջիջների էլեկտրական ակտիվությունը նվազում է:
news.am