Ադրբեջանի իշխանությունների կողմից խորհրդային տարիներին հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը, որն ուղեկցվում էր բռնություններով եւ հետապնդումներով, 1988-ին իր գագաթնակետին հասավ: Այն, Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից ու հանրապետության հայաշատ մյուս բնակավայրերից հետո, միջնադարյան դաժանություններով ու անմարդկային մյուս դրսեւորումներով առանձնապես «աչքի ընկավ» Մարաղա գյուղում:
Փորձելով գլխատել շարժումը եւ ահաբեկել մարդկանց՝ ստիպելով նրանց ընդմիշտ լքել մշտական բնակավայրերն ու հեռանալ հարազատ օջախներից, Բաքուն շարունակ հանցավոր ծրագրեր էր մշակում ու հետամուտ լինում դրանց իրագործմանը: Շուշիի, Հադրութի, Մարտունու եւ Ասկերանի շրջանների ծայրամասային բնակավայրերի հայաթափումից հետո Ադրբեջանն աննախադեպ հարձակում ձեռնարկեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի ուղղությամբ:
Միր-Բաշիր ադրբեջանական որջից մի քանի ժամ տեւած հրետակոծություններից հետո ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, 1000-ից ավելի զինվորականներով, 1992-ի ապրիլի 10-ի լուսաբացին ներխուժեցին Մարաղա եւ դիմելով անմարդկային, սահմռկեցուցիչ ոճրագործությունների, արյան մեջ խեղդեցին խաղաղ բնակչությանը: Առնվազն 100 մարդ (հիմնականում կանայք, ծերեր եւ երեխաներ) զոհ դարձան նախապես մշակված ռազմագործողության: Վեց տասնյակից ավելի մարդ գերեվարվեց թշնամու կողմից: Գրեթե նույնքան մարաղացիներ դիմադրելու ժամանակ ծանր վիրավորվեցին, ու շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում:
Ադրբեջանցիների հանցագործություններին չափ ու սահման չկար, եւ նրանք առաջնորդվում էին «բոլոր հայերին՝ մահ» կարգախոսով: Հայկական օջախները թալանվում էին, անասունները քշվում Միր-Բաշիրի ուղղությամբ, ապա անմիջապես հրի էին մատնվում բոլոր տները: Իսկ թե արյունարբու գազաններն ինչպես էին ֆիզիկապես հաշվեհարդար տեսնում անմեղ բնակչության նկատմամբ, դա այսօրվա պես լավ են հիշում դաժան ողբերգության ականատեսները, ովքեր, գյուղը հրդեհելուց հետո, թշնամու կողմից «պատանդ» էին վերցվել, ծեծի, խոշտանգումների ենթարկվել ու «երջանիկ» պատահականությամբ մնացել կենդանի:
Դժոխքից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանի հավաստմամբ՝ երբ Ադրբեջանի հրոսակները գյուղ էին մտել, մարաղացիներից շատերը չէին հասցրել հեռանալ: 3 հազարից ավելի հրթիռ ու արկ էր պայթել գյուղում, եւ ամբողջովին ծխում էր Մարաղան: «Բոլոր նրանք, ովքեր չկարողացան գյուղը լքել, մորթվեցին, դաժանաբար անդամահատվեցին, ոմանք՝ կացնով, կամ էլ՝ սղոցվեցին, կրակի վրա այրվեցին,- 29-ամյա մղձավանջից չսթափված հիշում է Վ. Խաչիկյանը: – Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասվում՝ ռմբակոծությունների ներքո»:
Գազանային հրետակոծություններից ցնցված էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով ողբերգական դեպքերից մի քանի օր անց հայտնվել էր Մարաղայում: Չթաքցնելով իր ծանր ապրումներն ու դժոխքից ստացած տպավորությունները՝ հետագայում Մարաղայի իրադարձությունների վերաբերյալ հրատարակած իր «Էթնիկ զտումները շարունակվում են» գրքում բարոնուհին նշել է. «Նրանք մարդկային ցեղից չեն: Մարաղայի սպանդի ամենադաժան, ցնցող տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, թե ադրբեջանցիներն ինչպես են գլխատում հայերին, տեսել եմ նրանց վառված դիակները: Ըստ երեւույթին, որոշ մարդկանց նրանք կենդանի էին վառել»:
Մարաղայի բնակչուհիներից Սեդա Պողոսյանին հաջողվել էր թաքստոցում պատսպարվել եւ ռազմագործողություններից հետո գիշերը հրաշքով հեռանալ գյուղից ու կենդանի մնալ. «Կանայք, ծերերն ու երեխաները թաքնվել էին նկուղներում ու բլինդաժներում: Ադրբեջանցիներից մի քանիսը սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ ես էի՝ հարսիս՝ Մարինեի, եւ երկու մանկահասակ թոռներիս՝ Կարենի ու 2-ամյա Վիգենի հետ: Ազերիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա հետեւից՝ Ասյան ու Զաբելան: Հենց որ մարդը դուրս եկավ բլինդաժից, նրան տեղնուտեղը սպանեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես սկսեց աստիճաններով բարձրանալ: Ադրբեջանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարվածելու համար, կանգ առավ եւ սկսեց նրանից պոկել թանկարժեք զարդերը: Հետո պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց փախչել, ադրբեջանցին` նրա հետեւից: Բլինդաժի ելքն ազատ էր, ու մարդիկ միանգամից նետվեցին դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղված ազերիներն ու վրա հասան՝ սպանելու կացիններով, դանակներով ու գերանդիներով… Վախից ես ուշաթափ ընկա»:
Այսպես ահա մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որոնք հաստատում են մի պարզ ճշմարտություն՝ թուրքն իր ձեռագիրը երբեք չի փոխում…
Դատելով 2020-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ թշնամու` ատելության հողի վրա հայերի, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց եւ գերիների նկատմամբ իրականացրած բարբարոս քայլերից, որոնք ուղեկցվում էին գլխատումներով, տանջամահ անող դաժան ու ցինիկ կտտանքներով, ցավով պիտի արձանագրենք, որ այդ ամենը խրախուսվում ու հովանավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, ինչն առավել վտանգավոր է դառնում ներկա իրողությունների ֆոնին…