Ցածր յուղայնությամբ սննդակարգն իջեցնում է տեստոստերոնի մակարդակը տղամարդկանց մոտ, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը, կարծում են Մեծ Բրիտանիայի Ուորսթեր համալսարանի հետազոտողները: Այս մասին հաղորդվում է Journal of Steroid Biochemistry and Molecular Biology-ում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտողները գիտական հոդվածների համակարգված զննում են իրականացրել, ընդհանուր առմամբ՝ 206 մարդու մասնակցությամբ: Տղամարդիկ նախ բարձր յուղայնությամբ (40 տոկոս) սննդակարգ էին պահում, ապա անցնում էին 20 տոկոս յուղայնությամբ սննդակարգի: Պարզվել է, որ տեստոստերոնի մակարդակը նվազել է միջինում 10-15 տոկոսով: Այս առումով հատկապես վատ էին բուսական սննդակարգերը, որոնք տեստոստերոնի մինչեւ 26 տոկոս նվազում են առաջացրել:
Հայտնի է, որ ձիթապտղի ձեթի ավոկադոյի եւ ընկույզների մեջ պարունակվող միահագեցած ճարպերի մեծ քանակությամբ ընդունումը կարող է մեծացնել տեստոստերոնի արտադրությունը: Սակայն օմեգա -6 պոլիհագեցած ճարպերը, որոնք հիմնականում առկա են բուսական յուղերում, օքսիդացման դեպքում կարող են վնասել տեստոստերոն արտադրող բջիջները:
Սննդակարգի հետ կապված խորհուրդները սովորաբար կենտրոնանում են ճարպի ընդունման սահմանափակման վրա, իսկ Միացյալ Թագավորության եւ ԱՄՆ-ի գործող կանոնակարգերը սահմանափակում են ճարպի ընդունումը՝ մինչեւ ընդհանուր կալորիաների 35 տոկոսից պակաս մակարդակ: Սակայն ներկայումս ավելի ու ավելի շատ հետազոտություններ են հայտնվում, որոնք ցույց են տալիս ճարպային, ցածր ածխաջրային սննդակարգերի օգուտները:
news.am