ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով երկկողմ խորհրդատվական ձևաչափեր ստեղծել այն երկրների հետ, որոնց հետ այդ հարցի վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել:
Նա նշել է, որ այդ խորհրդատվությունների նպատակը վարակիչ հիվանդությունների կանխամտածված տարածման հնարավորության ռիսկերի նվազեցումն է: Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմի համար այդ խնդիրը կենսանվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների առաջնահերթություններից է։
«Առանցքային տարրերից մեկը ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի պետությունների հետ համապատասխան իրավապայմանագրային բազայի ձևավորումն է», – ասել Է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի հետ արդեն ստորագրվել են կենսանվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրեր: Ռուսական կողմը հույս ունի նմանատիպ փաստաթղթեր ստորագրել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի բոլոր մասնակից պետությունների հետ ։
Նրա խոսքով ՝ հուշագրերի իրականացումը ծանրակշիռ ներդրում է ունենում երկկողմ հարաբերությունների, պետությունների կենսաբանական անվտանգության ամրապնդման գործում, ինչպես նաև նպաստում է բժշկակենսաբանական, սանիտարահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական ոլորտներում համագործակցության զարգացմանը:
«Մեր կարծիքով` դա կնպաստի կենսանվտանգության միասնական տարածքում մեր երկրների անվտանգության ամրապնդմանը», – եզրափակել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել այս տարվա մայիսի 6-ին։ Հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում Հայաստանի և Ռուսաստանի՝ երկու ինքնիշխան պետության համագործակցությունը: Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: