Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մոտեցում են առաջարկել, որը հակաքաղցկեղային դեղամիջոցներն ուռուցքին հասցնելու նոր եղանակ է ենթադրում. նորագոյացությունն ինքն է սկսում սինթեզել դեղը՝ ստանալով դրա համար անհրաժեշտ գեները, ինչի արդյունքում ուռուցքը կարծես «ոչնչացնում է» իրեն ներսից: Մկների վրա անցկացված հետազոտության մասին զեկույցը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ շվեյցարացի եւ ամերիկացի գիտնականները գենետիկորեն փոխել են ադենովիրուսը, որպեսզի այն կարողանա որոշակի գեներ ներմուծել կրծքի քաղցկեղի բջիջներ: Այդ գեները քաղցկեղի բջիջներին թույլ են տալիս սինթեզել տրաստուզումաբ դեղը, որը հաստատված է այս տեսակի ուռուցքի բուժման համար: Ի տարբերություն քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի, այս մոտեցումը վերացնում է դեղամիջոցի ազդեցությունն օրգանիզմի նորմալ բջիջների վրա: Քաղցկեղի բջիջներում ձեւավորված հակամարմիններն ու կենսաակտիվ նյութերը ոչնչացնում են քաղցկեղը ներսից: Մամուլի հաղորդագրության մեջ գիտնականները փոխաբերական իմաստով իրենց նոր տեխնոլոգիան «տրոյական ձի» են կոչում:
«Մենք խաբում ենք ուռուցքին, որպեսզի այն ինքն իրեն ոչնչացնի՝ բջիջների ներսում հակաքաղցկեղային նյութեր արտադրելով: Այս նյութերը հիմնականում մնում են տեղում, չեն տարածվում օրգանիզմում արյան հետ՝ վնասելով մյուս հյուսվածքներն ու օրգանները»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Անդրեաս Պլյուկտուն Ցյուրիխի համալսարանից:
Նոր մշակումը, որը ստացել է SHREAD անվանումը, փորձարկվել է կրծքի քաղցկեղով հիվանդ մկների վրա: Փոփոխված ադենովիրուսը ներարկվել է անմիջապես ուռուցքի մեջ, դրա բջիջները մի քանի օր անց սկսել են դեղամիջոցներ արտադրել: Հետազոտության հեղինակներն ուռուցքի ոչնչացման գործընթացին հետեւել են եռաչափ պատկերավորման վերջին մեթոդների օգնությամբ:
Ինչպես պարզվել է, այս մեթոդն օգտագործելիս ուռուցքում դեղամիջոցի կոնցենտրացիան շատ ավելի բարձր էր, քան սովորական ներարկման ժամանակ: Բացի այդ, արյան եւ կենդանիների այլ օրգանների մեջ դեղամիջոցի քանակը 1800 անգամ ցածր էր, քան ներարկման ստանդարտ մեթոդի դեպքում:
Նշենք, որ ադենովիրուսների օգտագործումը՝ որպես օրգանիզմ որոշակի գեների ներարկման վեկտոր, լայնորեն օգտագործվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պատրաստման համար: Նման պատվաստանյութերից մեկը ռուսական «Սպուտնիկ V»-ն է: