Պարզվում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեր երեխաների դպրոցական առարկայական չափորոշիչները և ծրագրերն է մշակում, այլև վերապատրաստելու է ուսուցիչներին:
Օրերս նա հայտարարել է, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, EduArmenia կրթական նախաձեռնությամբ, երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից որպես ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կառույց:
2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, նրա ընկերուհի, հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ:
Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. Քննադատություն և այլընտրանքներ» «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Դրանք որպես հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):
Թիկունքում զգալով պետականակործան իշխանությունների ջերմ վերաբերմունքը, մասնավորապես՝ ԿԳՄՍ փոխնախարար, հայտնի ապազգային-սորոսական, նժդեհյան գաղափարաբանությունը ֆաշիստական և մեր հասարակության համար խիստ վտանգավոր համարող Ժաննա Անդրեասյանի «ջերմությունը», ինչպես նաև դպրոցներում և այլուր նույնքան վտանգավոր գաղափարներ տարածող Վահրամ Սողոմոնյանի ու նման ապազգայինների գաղափարական աջակցությունը՝ Լիլիթ Մկրտչյանը լողում է ինչպես ձուկը ջրում՝ մեկը մյուսի հետևից ստանալով կրթական ոլորտում «բարեփոխումներ» իրականացնելու արտոնություններ և իրավունքներ:
Արդեն ամենևին էլ զարմանալի չէ նաև այն, որ Լիլիթ Մկրտչյանի հասարակական կազմակերպությունն ավելի մեծ թվով բաղադրիչների (16 առարկայական խմբերի) համար է վերապատրաստման իրավունք ստացել, քան այնպիսի գիտակրթական կառույց, ինչպիսին է Երևանի պետական համալսարանը (ընդամենը 7 առարկաներ), իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ցուցակում ընդհանրապես չկա։ Հետաքրքիր է` որտեղի՞ց ամեն ոլորտի համար ռեսուրս այդ հ/կ֊ին, որը նույնիսկ, կարծես թե, ԵՊՀ֊ն չունի։
Հ.Գ. Հայ ժողովրդի և հայոց պետականության համար կործանարար այս շրջանում թուրքասերների և թուրքերի հետ նման դավադիր ծրագրեր իրականացնողների գործունեության ոլորտների ընդլայնումն ու նորանոր հարթակների տրամադրումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Փաշինյանի հայակործան խունտայի դավաճանական գործողությունների շղթայի օղակներից մեկը:
Ավելի մանրամասն՝ yerkir.am