Օրս սկսեցի Վահե Հովհաննիսյանի հոդվածի ընթերցումով: Նա գրել է այն, ինչի մասին ես այս ամիսների ընթացքում, այս օրերի ընթացքում ցանկացել եմ գրել, այդ մասին խոսել, բայց մտածել եմ, որ ինձ ճիշտ չեն հասկանա:
Հիմա, երբ Վահե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այս ցավոտ խնդրի մասին, հիմա, երբ շատ դիպուկ նշում է, որ իր տղերքի, իր զոհերի, իր քաղաքների, իր սրբավայրերի հանդեպ այդքան անտարբեր հասարակությունները չեն կարող հաջողություն ունենալ, երբ ընդգծում է, որ պատերազմից հետո մի ձմեռ ու մի գարուն անցավ, ու մեր տղերքի մարմինները դեռեւս սարերում ու ձորերում են, բայց Երեւանում քեֆեր ու աղմկոտ հարսանիքներ են, ընտրացուցակներում՝ շանտաժով կամ աղերսանքով տեղի կռիվ, ձայնի տասովշիկով ընտրություն, ես ինձ թույլ եմ տալիս ասել այն, ինչի մասին երկար լռել եմ:
Ինչպե՞ս է կարողանում քսան, քսանհինգ, երեսուն տարեկան տղամարդը համաձայնել, որ իր հարսանիքին, իր բանակի քեֆին, իր ծննդյան օրը, իր կամ երեխայի կնունքին հնչի աղմկոտ տոնական երաժշտություն, ինչպե՞ս է երիտասարդ աղջիկը համաձայնում, որ իր հարսանիքի օրը զուռնա-դհոլ նվագեն իր տան մոտ, երբ հարեւան տանը, հարեւան շենքում հենց նոր են հուղարկավորել իրենց քսան, տասնութ, քսանմեկ, երեսուն տարեկան որդուն, երբ մյուս շենքում ապրում են մարդիկ, որոնք դեռ որոնում են իրենց զոհված որդուն, երբ այն մյուս շենքում ապրում է հենց նոր երիտասարդ ամուսին կորցրած մի երիտասարդ կին ու երկու անչափահաս երեխաներին գրկած, լսելով տաշի տուշին ուզում է հասկանալ, իսկ ինչո՞ւ իր ամուսինը զոհվեց եւ ո՞ւմ համար զոհվեց:
Ունենք մի հասարակություն, որի մի մասը, ճիշտ է, բարեբախտաբար չնչին մասը, նորմալ է համարում, որ նիկոլը շարունակի ղեկավարել, քանի որ իրենց գործերը լավ են գնում: Ունենք մի հասարակություն, որտեղ դեռ չգիտեն, որ հարսանիքը կարող է լինել եկեղեցական պսակադրությունն ու համեստ շնորհավորանքները՝ առանց աղմկոտ տաշի տուշիների:
Ունենք մի հասարակություն, որտեղ չեն հասկանում, համառորեն դեռ չեն հասկանում, որ քանի դեռ զոհված զինվորի ընտանիքը, պատերազմի մասնակցած տղան, պատերազմում հաշմանդամ դարձած տղան չդառնան այս պետութան առանցքը, ոչ մի տնտեսական բարեփոխում, ոչ մի ներդրում մեզ օգնել չեն կարող:
Այո, Վահե Հովհաննիսյանը ճիշտ է, մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք համառորեն չեն ուզում նկատել Եռաբլուրը, չեն ուզում տեսնել իրենց կողքին ապրող հաշմանդամ տղային, չեն ուզում հանդիպել որդի կորցրած մորը, քանի որ դրանից իրենց տրամադրությունն ընկնում է, բայց նկատեք, թե չէ, տեսնեք, թե ոչ, Եռաբլուրը մնում է եւ մնալու է, ձեր կողքին էլ ապրելու են որդի կորցրած ծնողները, եղբայր կորցրած քույրերը, թոռ կորցրած պապիկները, հաշմանդամ դարձած տղերքը եւ պատերազմն իրենց աչքերով տեսած տղամարդիկ:
Մինչեւ չսովորեք ապրել նոր իրականությունում, մինչեւ չհասկանաք, թե ինչ է եղել եւ ընդունեք առկա իրողությունները, մեզ մոտ ոչինչ չի ստացվելու եւ լինելու են անդադար պարտություններ:
Կյանքը շարունակվում է: Բայց մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք ասում են, թե կյանքը շարունակվում է, որ արդարացնեն իրենց տաշի-տուշիները, անտարբեր հայացքները:
Սովորեք մարդ դառնալ: Առանց մարդ դառնալու մեզ մոտ ոչինչ չի ստացվելու: Ապրիլի 30-ին Կենտրոնի թաղապետարանը Աբովյան փողոցում տոնական համերգ էր կազմակերպել: Չդիմացա, մոտեցա ու հարցնում եմ՝ Շուշին կորցնելո՞ւ, թե հինգ հազար սպանված տղերքի կապակցությամբ է համերգը, երբ մի կին մոտեցավ ու ասաց՝ լավ ենք անում տոնական համերգ ենք կազմակերպում, աչքդ էլ հանում ենք: Մի քանի օր առաջ էլ մեր բակում ինչ-որ մեկը որոշել էր ռաբիզ երաժշտությամբ նշել իր ծննդյան օրը, երեկ էլ տաշի տուշիով հարսանիք էին սկսել, երբ հարեւան շենքում երեկ էին հուղարկավորել պատերազմում զոհված մի տղամարդու, որը թողնելով մանկահասակ երեխաներին գնացել էր պատերազմ, որ… Այս ի՞նչ ենք դարձել մենք:
Գեղամ Նազարյան
Top-News.am