Արցախյան պատերազմը լրջորեն ազդել է մարդկանց հոգեբանական վիճակի վրա. հոգեբան
Advertisement 1000 x 90

Արցախյան պատերազմը լրջորեն ազդել է մարդկանց հոգեբանական վիճակի վրա. հոգեբան

Արցախյան պատերազմը լրջորեն ազդել է Հայաստանի եւ Արցախի բնակիչների հոգեբանական վիճակի վրա: Ըստ ռազմական հոգեբան Քրիստինե Պետրոսյանի` այս պատերազմը հոգեբանական իմաստով ամենադժվարն էր. դրա հետեւանքներն էապես տարբերվում են Արցախում տեղի ունեցած առաջին պատերազմի եւ ապրիլյան պատերազմի հետեւանքներից:

Հոգեբանի խոսքով` Արցախյան առաջին պատերազմի տարիներին մարդիկ այլ մտածելակերպ ունեին, պատերազմին այլ կերպ էին վերաբերվում: 2016-ի պատերազմի ժամանակ ամեն ինչ նույնպես այլ էր: Վերջին պատերազմը շատ խնդիրներ առաջացրեց. շատերն իրենց խաբված են զգում, զոհերի եւ անհայտ կորածների ընտանիքների միջեւ պառակտում է տեղի ունեցավ, ինչը հասարակության մեջ լուրջ բախումների հանգեցրեց:

Մասնագետը նշեց, որ ամենադժվարն աշխատանքն է անհայտ կորած զինվորների հարազատների հետ: Նրանցից շատերը խնդիրներ ունեն իրականությունն ընդունելու հետ, շատերն անհանգստանում են, որ իրենց հարազատը գերեզման չունի եւ իրենք տեղ չունեն սգալու համար, ոմանք էլ համոզված են, որ իրենց հարազատը ողջ է եւ գերության մեջ: Այս մարդիկ, որպես կանոն, հոգեբանի օգնության կարիք ունեն` իրականությունն ընդունելու եւ իրենց ցավը հաղթահարելու համար, բայց նրանցից շատերը չեն ցանկանում ընդունել այդ օգնությունը` պնդելով, որ իրենք դրա կարիքը չունեն:

Ինչ վերաբերում է տղաներին, ովքեր վիրավորվել են եւ պատերազմի ընթացքում եւ կորցրել են իրենց մարմնի որեւէ մասը, հոգեբանը նրանց կոչ արեց չվհատվել, հիշել, որ հասարակությունն ու շատ մասնագետներ իրենց կողքին են եւ միշտ պատրաստ են օգնել: Ավելին, նրանք չպետք է մոռանան, որ աչքը, ձեռքը, ոտքը կամ մարմնի որեւէ այլ մաս այն չէ, ինչը նրանց մարդ է դարձնում, դա ամենակարեւորը չէ` լավ մարդ լինելու համար:

news.am