Պատերազմի ամենաթեժ ու արյունալի շրջաններից մեկն Արցախի Ջրականն էր։ Ծանր էր ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում աշխատող «սպիտակ բանակի» համար։ Հիվանդանոցները թշնամու թիրախում էին, իսկ վիրահատական սեղանին զինվորն էր։
Բժշկուհի Լուսինե Սարգսյանը պատերազմի օրերին, շտապօգնության մեքենայի ղեկին նստած, Ջրականից (Ջաբրայիլ) վիրավորների էր տարհանում, զինհոսպիտալ հասցնում, սլանում Գորիս, այնտեղից թթվածին, պլազմա հասցնում Իշխանաձոր և այդպես շարունակ։ Նրան շատերն ասում էին «սկոռու շոֆեր», թեպետ իրականում Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենն էր։
«Ես գնում էի՝ ուր պետք էր՝ առանց մտածելու, վախենալու, իմ կյանքն էդ 18-19 տարեկան տղաների կյանքից թանկ չէր։ Ասում էի՝ Աստված իմ կյանքը տաներ, երկու ջահելի փրկեր, ես գոնե 40 տարեկան եմ, երեխա ունեմ, թող դեռ մի 20 տարի էլ իրենք ապրեին»։
Լոռեցուց արցախցի դարձավ
Լուսինեն ծնունդով Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից է։ 88-ի երկրաշարժը տունը հողին հավասարեցրեց, քույրն էլ հրաշքով փրկվեց։ 2000թ․-ին Լուսինեի մանկավարժ ծնողները տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջան, վերաբնակեցման ծրագրով տեղավորվեցին Իշխանաձոր գյուղում։ Տեղավորվել ասելն այս դեպքում ճոխ է հնչում՝ չկար լույս, չկար ոչ մի հարմարություն, Լուսինեն ասում է՝ իսկական քարե դար էր։ Ինքը ծնողներին մեկ տարի ուշ միացավ՝ համալսարանն ավարտելուց հետո։ Ու ընտանիքը սկսեց զրոյից տուն կառուցել։
«Ցեխ են շաղախել այս ձեռքերը, քար են կրել այս ձեռքերը, հող են թափել այս ձեռքերը։ Այս տարվա փայտս արդեն կոտրած էր, ես ու հարևանիս տղաներն էինք կոտրել, էդ ամեն ինչը թողեցինք էդ շներին, ոչ թե նյութականացնում եմ, այլ ափսոսում եմ, որ մեր քրտինքն իրենք են վայելում։ Բայց նյութականը ոչինչ է, նորից կստեղծենք, կյանքերը հետ չենք բերի»,-ցավով հիշում է կինը։
2006թ․-ին Լուսինեն նշանակվեց Իշխանաձորի բուժամբուլատորիայի վարիչ, դրանից մի քանի տարի անց՝ արդեն Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն (Իշխանաձորի բուժկետը ևս ենթարկվում էր Կովսականին)։ Թեպետ որպես ղեկավար բազմաթիվ պարտականություններ ուներ, բայց Լուսինեն չդադարեց բժշկական պրակտիկան։ Անցնում էր համայքնից համայնք, գյուղից գյուղ, իսկ հանգստյան օրերին եթե տանն էր, ապա հենց իր տանն էր հիվանդների ընդունում։
«Քաշաթաղում ես 1111 երեխայի եմ ծնունդ տվել, իրենք ինձ հիմա էլ են կյանք և ուժ տալիս»։
Իր միակ դստերը՝ Գրետային, Լուսինեն մեքենայի մեջ է ծննդաբերել․ ասում է՝ շատ զբաղված էր, հանգստանալու ժամանակ չկար, մարդկանց իր օգնությունն էր պետք, ուստի իր վիճակին չէր էլ նայում։ Դժվար ծննդաբերության 8-րդ օրն արդեն աշխատանքի էր։
«Արցախը, Քաշաթաղն իմ կյանքն էին․ ոնց որ երեխային ինը ամիս կրծքիդ տակ պահես, հետո․․․ »։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am