Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել
Advertisement 1000 x 90

Թաթոյանը նամակ է գրել Փաշինյանին և առաջակել ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին գրավոր նամակ է հղել, որում բարձրացրել  է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը  կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Թաթոյանը շեշտել է, որ նախորդ մի քանի հայտարարությամբ նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

  1. կյանքի իրավունք` Կոնվենցիայի 2-րդ հոդված,
  2. ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք` Կոնվենցիայի 5-րդ հոդված,
  3. մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք` Կոնվենցիայի 8-րդ հոդված,
  4. սեփականության իրավունք` 1-ին արձանագրության 1-ին հոդված,
  5. տեղաշարժի ազատություն` 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:

Թաթոյանի խոսքով` նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

armeniasputnik.am



Նման նյութեր