Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է առողջության համար եւ նվազեցնում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը: Նոր ուսումնասիրության հեղինակները գնահատել են զանազան մարզաձեւերում ինտենսիվ մարզումների ժամանակ շողացող առիթմիայի զարգացման հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine-ում:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկապես ակտիվ մարդիկ սրտի ռիթմի ավելի քիչ խանգարումներ, օրինակ՝ շողացող առիթմիա (նախասրտային ֆիբրիլյացիա) են ունենում, քան պասիվ մարդիկ: Այնուամենայնիվ, չնայած ֆիզիկական ակտիվության բոլոր առավելություններին, այն չի պաշտպանում մարզիկներին առիթմիայից: Նոր ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նախասրտային ֆիբրիլյացիան ամենատարածվածն է նաեւ մարզիկների շրջանում:
Գիտնականները լիովին տեղյակ չեն այս երեւույթի պատճառների մասին: Նրանք առիթմիայի ռիսկը կապում են ծանր մարզումների հետեւանքների հետ՝ նախասրտերի ընդլայնում, հորմոնալ ազդեցություն, քրոնիկ բորբոքում եւ որոշ այլ գործոններ:
Նոր մետավերլուծությունը ցույց է տվել, որ մարզիկների մոտ շողացող առիթմիայի ռիսկը 2.46 անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, ում համար սպորտը մասնագիտություն չէ:
Միեւնույն ժամանակ, գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա) ունեցող մարզիկների մոտ այդ ռիսկը մի փոքր ավելի շատ է, քան ռիսկի նույն գործոններ ունեցող վերահսկիչ խմբի մարդկանց մոտ:
Երիտասարդ մարզիկները (55 տարեկանից ցածր) 3.6 անգամ ավելի հաճախ են ունենում շողացող առիթմիա, քան տարեց մարզիկները: Վերջիններս, իրենց հերթին, տառապում են ռիթմի այս խանգարումով 76 տոկոսով ավելի հաճախ, քան ոչ մարզիկները:
Խառը ծանրաբեռնվածությամբ խմբում (ֆուտբոլիստներ, նեթբոլիստներ, ռեգբիիստներ) առիթմիայի ռիսկն ավելի բարձր է, քան այն խմբերի, որոնց սպորտատեսակը կապված է դիմացկունության հետ (վազորդներ, լողորդներ եւ այլոք):