Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանի գիտնականները ստեղծել են նանոպարկուճներ, որոնք կլանում ու չեզոքացնում են վիրուսները։ Այս մասին տեղեկացվում է Nature Materials ամսագրում հրապարակված հոդվածում։
Նանոմասնիկները ստեղծվել են գենետիկ նյութից՝ ԴՆԹ-օրիգների մեթոդի օգտագործմամբ եւ հաջող թեստավորվել են հեպատիտի եւ ադենոասոցիացված վիրուսների դեմ։
Նանոպարկուճների ստեղծման համար օգտագործվել են երկրաչափական սկզբունքներ, որոնց համաձայն՝ կառուցվում են վիրուսների սպիտակուցային թաղանթները։ Այդպես ստացվել են վիրուսային մասնիկի չափի սնամեջ մարմիններ։ Նանոմասնիկնեի կողմից վիրուսներն արդյունավետ բռնելու համար հետազոտողները պարկուճները պատրաստել են եռանկյուն ԴՆԹ սկավառակներից։ Որպեսզի նման սկավառակները կարողանան հավաքվել եւ ավելի մեծ օբյեկտներ կազմավորել, դրանց ծայրերը թեքել են։ Փոխելով հանգուցակետերը եռանկյունիների ծայրերին՝ գիտնականները կարողացել են ստեղծել ոչ միայն փակ սնամեջ գնդեր, այլեւ գնդեր ճեղքերով կամ անգամ կիսաթաղանթներ։
Գիտնականները վիրուսները կապող հակամարմինները տեղավորել են նանոպարկուճների ներքին մակերեսի վրա՝ հասնելով վիրուսներին որսալու բարձր արդյունավետության։ ԴՆԹ մասնիկների արագ փլուզումը օրգանիզմի հեղուկներում կանխելու համար թիմը ճառագայթել է պատրաստի շինարարական բաղադրիչները ուլտրամանուշակագույն լույսով եւ մշակել պոլիէթիլենգլիկոլով ու օլիգոլիզինով։ Այսպիսով, մասնիկները եղել են կայուն մկների շիճուկում 24 ժամվա ընթացքում։
Հակամարմինների չորս մոլեկուլների ավելացման դեպքում հանգուցման արդյունավետությունը հասել է 80 տոկոսի։ Գիտնականները կարծում են, որ հակամարմինների թվի ավելացման դեպքում արդյունավետությունը կարելի է բարձրացնել մինչեւ 100 տոկոս։
Ապագայում հետազոտողները նախատեսում են թեստավորել նանոպարկուճները կենդանի մկների վրա։ Մարդկանց վրա հետազոտությւոնների մասին առայժմ չի խոսվում։