Մինչև «Ոսկե գնդակի» պաշտոնական արարողությունը դեռ կան ամիսներ, բայց արդեն ճիշտ ճամանակն է հասկանալ, թե ով կարող է նվաճել այս մրցանակը։ Ինչո՞ւ հիմա։
Եվրոպայի առաջնությունն ու Ամերիկայի գավաթն ավարտվել են, ժամանակը սկսել է կանխատեսել, թե ով է վերցնելու «Ոսկե գնդակը» 2021 թվականին: Իհարկե, այս մրցանակը շնորհվում է օրացուցային տարվա վերջին, և այժմ դեռ միայն հուլիսն է, բայց պետք է խոստովանել, որ «Ոսկե գնդակի» 90 տոկոսը նվաճվում կամ կորսվում է հենց հուլիսին, երբ ակումբային մրցաշրջանը և ազգային թիմերի խոշոր մրցաշարերն ավարտվում են։
Տարվա աշնանային մասի ներդրումը, որտեղ բոլոր ակումբային մրցաշարերը նոր թափ են հավաքում, շատ աննշան է։ Դժվար է առանձնացնել լավագույնին, խորանալ խաղային նրբությունների ամենափոքր մանրամասների մեջ և ամբողջ ուշադրությունը չդարձնել բուռն կրքերին: Հետևաբար՝ «Ոսկե գնդակի» հավանական տերերի մասին քիչ թե շատ առարկայական խոսակցությունները սկսվում են հուլիսին:
Ընդմիջում արեք և մտածեք, թե կա՞ որևէ հստակ ֆավորիտ, այն ֆուտբոլիստը, որն այս տարի իրեն ավելի վառ է ցուցադրել, քան մնացածները: Դժվար թե կարողանաք անվանել այդպիսի խաղացողի: Եվ եթե որոշեք, ապա ձեր ընկերը բոլորովին այլ կարծիք կունենա, իսկ մյուս ընկերը՝ ամբողջությամբ ուրիշ։ 2021 թվականը շատ առումներով ֆուտբոլային էր:
Այո, 2020 թվականը նույնպես տարօրինակ ստացվեց, քանի որ «Ոսկե գնդակ» ընդհանրապես չշնորհվեց: Դրա համար մինչ այժմ France Football-ը քննադատություններ նետեր է ստանում: Եվ, ի դեպ, նախորդ տարի ակնհայտ ֆավորիտ կար։ Նույնիսկ Մեսսիի կամ Ռոնալդուի ամենանվիրական երկրպագուները, ովքեր կարծում են, որ իրենց ֆավորիտները պետք է ամեն տարի «Ոսկե գնդակ» ստանան թոշակի անցնելուց առաջ, չէին վիճի, որ Ռոբերտ Լևանդովսկին արժանի էր այս մրցանակին 2020 թվականին։
Չի կարելի բացառել, որ Լևանդովսկին արժանանա «կուտակային» մրցանակին, կամ ընդգրկվի եզրափակչի մասնակիցների թվի մեջ: Այսպես թե այնպես, տարբեր փորձագետներ և լրատվամիջոցներ նրան ընդգրկում են 2021 թվականին «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում: Այսպիսով, անդրադառնանք անունների, ովքեր այժմ առավել հաճախ ասոցիացվում են այս մրցանակի հետ:
Այո, Ռոբերտն այս տարի միջազգային գավաթներ չունի, բայց Բունդեսլիգայի 29 խաղում նա անցավ Գերդ Մյուլլերի 49-ամյա ռեկորդը՝ 41 գոլով: Նույնիսկ Չեմպիոնների լիգայից «Բավարիայի» դուրս մնալուց հետո նա պահպանեց իր անբասիր հեղինակությունը, քանի որ վնասվածքի պատճառով բաց էր թողել երկու հանդիպումներն էլ: Լեհաստանը հիասթափեցրեց Եվրո-2020-ում, բայց Լևանդովսկին երեք խաղում խփեց երեք գոլ։
Յոթերորդի հետևից
Փորձագետները կարող են տարբեր բաներ ասել, բայց գլխավոր ֆավորիտը Լիոնել Մեսսին է, որը շարունակում է մնալ «Ոսկե գնդակի» ներկայիս սեփականատերը, որը նա շահեց 2019 թվականին: Հնարավոր է, որ նա իր վեց Ոսկե գնդակները ավելացնի ևս մեկով: Անցած մրցաշրջանում «Բարսելոնայի» ձախողումը, իհարկե, փչացնում է պատկերը: Բայց Մեսսին Արգենտինային տարավ հաղթանակի Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ լռեցնելով այն քննադատներին, ովքեր ասում էին, որ Մեսսին Արգենտինայի հետ ոչինչ չի շահել և չի էլ շահի։
Ավելին, Մեսսին դարձավ մրցաշարի լավագույն խաղացողը՝ խփելով ամենաշատ գոլերը և կատարելով առավելագույն գոլային փոխանցում: Իսկ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայում» Լա Լիգայի 35 խաղում Մեսսին խփեց 30 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում: Բացի այդ, կատալոնացիները նվաճեցին Իսպանիայի գավաթը, իսկ Մեսսին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը եզրափակչում:
Երկուսը՝ «Չելսիից»
Բայց հակասությունները շարունակվում են: Եվ մենք անցնում ենք առաջ: Շատերը նշում են նաև Նգոլո Կանտեին։ Այո, այժմ Ֆրանսիայի ազգային հավաքականի անհաջողությունը Եվրոպայի առաջնությունում չափազանց թարմ է թվում, և տարօրինակ կլիներ այս թիմից ինչ-որ մեկին նշել: Այնուամենայնիվ, Կանտեն անհավանական գործեր արեց «Չելսիում», հատկապես Չեմպիոնների լիգայում՝ «Ռեալի» հետ կիսաեզրափակիչներում, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ եզրափակիչում: Այո, նույնիսկ Ֆրանսիայի ձախողումից հետո Նգոլոյի վերաբերյալ բողոքներ չկան։ Բոլորը սիրում և գնահատում են նրան:
Այնուամենայնիվ, նույն «Չելսիում» կա մեկ այլ թեկնածու՝ ի դեպ, ստվերային ֆավորիտ, չնայած նա ինքը համեստ է և հերքում է այս փաստը: Դա Ժորժինյոն է: Պատմության ընթացքում մեկ տարում միայն 11 ֆուտբոլիստ է նվաճել ակումբային և միջազգային եվրոպական խոշոր գավաթներ: Ժորժինյոն նրանցից մեկն է․ գավաթների և դրանց չափի առումով սա հաստատ նրա տարին է:
Ավելին, Ժորժինյոն խաղադաշտի կենտրոնում կարևոր դեմք էր՝ ինչպես «Չելսիում», այնպես էլ՝ Իտալիայի ազգային հավաքականում` դառնալով Թոմաս Տուխելի և Ռոբերտո Մանչինիի անփոխարինելի կատարողը: Ոչ ոք չի հիշի Եվրո-եզրափակչում 11-մետրանոցների ժամանակ նրա ձախողումը, քանի որ Իտալիան, այնուամենայնիվ, հաղթեց:
Հիշատակման արժանի են նաև․․․
Ա սերիայի հսկաներ Ռոմելու Լուկակուն ու Կրիշտիանու Ռոնալդուն հաճախ հայտնվում են «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում: Ոչ ամենանշանակալի թեկնածուները, բայց նրանք ունեն իրենց աջակիցները: Լուկակուն նվաճեց իր առաջին գավաթը՝ «Ինտերի» կազմում դառնալով Իտալիայի չեմպիոն: Ավելին, «Ներաձուրին» ընդհատեց «Յուվենթուսի» թվացյալ հավերժ հեգեմոնիան, և դրանում վճռական ներդրում ունեցավ Լուկակուն՝ Ա Սերիայի 36 խաղում խփելով 24 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում:
Եվրոյում նա նույնպես լավ խաղաց Բելգիայի հավաքականի կազմում՝ հինգ խաղում չորս անգամ դառնալով գոլի հեղինակ: Նրա մրցաշրջանը միանշանակ հզոր էր: Իսկ Ռոնալդուի մասին ընդունված է ասել, որ նա նույնը չէ, արդեն 36 տարեկան է: Այո, և «Յուվենթուսը» հիասթափեցրեց։ Նրանք վերջին տասնամյակում առաջին անգամ չհաղթեցին Ա Սերիան, իսկ «Պորտուն» իտալական թիմին շուտ դուրս թողեց Չեմպիոնների լիգայից:
Եվ Պորտուգալիայի հավաքականը Եվրոյի 1/8 եզրափակչում դուրս մնաց նույն Բելգիայից: Կրկին Լուկակուն շրջանցեց Ռոնալդուին։ Բայց, Կրիշտիանու անունը միշտ ինչ-որ տեղ գտնվում է անհատական մրցանակների մեջ: Այնուամենայնիվ, պորտուգալացին դարձավ «Եվրո-2020» -ի լավագույն ռմբարկու և կիսում է ռեկորդն ազգային թիմի գոլերի քանակով: Եվ 29 գոլով Ա սերիայի լավագույն ռմբարկուի կոչումը չպետք է մոռացվի
Շրջանը կարծես ուրվագծվում է, բայց դա դեռ այնքան էլ մեծ չէ: Միգուցե ինչ-որ մեկը կկարողանա անակնկալ մատուցել մնացած ամիսներին, բայց գործնականում կասկած չկա, որ «Ոսկե գնդակի» ապագա սեփականատերն այս ցուցակում է:
Սիրարփի Աղաբաբյան