«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կորեայի ձոր»-ի կամուրջը վերակառուցվել է

Մոտ կես դար առաջ «Կորեայի ձոր»-ում տեղադրված ինքնաշեն կամուրջը կապում է Քանաքեռ-Զեյթունը Դավթաշենին: Սա երկու վարչական շրջանները միավորող ամենակարճ ճանապարհն է: Այսպես նաև Երևանը միանում է Կոտայքի մարզին: Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար քաղաքապետարանը նախաձեռնեց կիսաքանդ կամրջի նորոգումը: Նորոգել չստացվեց, բայց փոխարենը հիմնովին նոր կամուրջ կառուցվեց:

«Աշխատանքների ընթացքում փոխվել է գետի հունը: 9 մետր լայնությամբ, հետիոտնային մայթով, անվահրիչներով, ջրահեռացման համակարգով անվտանգ ու ամուր կամուրջ է ստացվել»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Շինաշխատանքների ընթացքում պարզվեց, որ կամրջի հիմքերը վթարված են: Կազմել ենք նոր նախագիծ, կամուրջը քանդել ու զրոյից կառուցել նորը»,-նշում է կամրջաշինարարական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:

Նախկին 4 մ երթևեկելի գոտու փոխարեն կառուցվել է 8 մետր լայնությամբ երկկողմանի երթևեկությամբ կամուրջ: Ամրությունն առաջինը անձամբ շինարարներն են փորձել ու ստուգել: Ասում են՝ առնվազն 50 տարի հիմնանորոգում այստեղ չի պահանջվի:

«Աշխատանքներից հետո առաջինն իմ մեքենայով եմ անցել: Սա շրջանցիկ կարևոր ճանապարհ է, որը Սևանից եկող քաղաքացու համար դեպի Դավթաշեն ուղղությունը մոտ 25 րոպեով կրճատում է»,-նկատում է կամրջաշինական կազմակերպության հիմնադիր Սիմոն Մինասյանը:

Կամրջի վերակառուցումից հետո մեքենաների հոսքն ավելացել է՝ բեռնատարներ, մարդատարներ: Ճանապարհի մի հատվածը մասամբ նորոգել է Երևանի քաղաքապետարանը, իսկ կամրջից այն կողմ արդեն Կոտայքի մարզն է:

Տարածքում լավագույն լուծումն, իհարկե, մեկ թռիչքով, ոլորանները շրջանցող նոր կամրջի կառուցումն է: Մեծ նախագիծը նաև մեծ ծախսեր է պահանջում, սակայն քաղաքային իշխանությունը գաղափարից չի հրաժարվում՝ դրա իրագործման համար ակնկալելով պետության ու միջազգային գործընկերների աջակցությունը:

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով այսօր ընթացքի մեջ է արևմտյան օղակաձև շրջանցիկ ճանապարհի շինարարությունը, զուգահեռ բարեկարգվում ու բացվում են վարչական շրջաններն իրար կապող նոր ճանապարհահատվածներ: