168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու թվի աճին, բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը նկատեց՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվն աճում է, ինչը փաստորեն նոր՝ «դելտա» շտամի մուտացիայի արդյունքն է։
«Մենք Հայաստանում արդեն ունենք «դելտա» շտամը, որը երեք անգամ ավելի վարակիչ է, քան նախորդ շտամը, որը կար Հայաստանում։ Բնականաբար, կորոնավիրուսով վարակվածների թիվը պետք է շատանար, նախկինում ես ասել էի, որ եթե «դելտան» ներթափանցի Հայաստան, կգրանցվի վիրուսի չորրորդ ալիք, հակառակ դեպքում չէի կանխատեսի չորրորդ ալիք, քանի որ մենք գնում էինք վարակվածների թվի նվազման։ Ես սպասում էի, որ մարդիկ կմեկնեն հանգստի, ու «դելտան» այդպիսով կներթափանցի Հայաստան, այդպես էլ եղավ, ու վարակվածների թիվն աճեց։ Կանխատեսում եմ, որ հոկտեմբերի կեսերին մենք ունենալու ենք վարակվածների օրական 1000-1500 ավելացում, ինչպես նախորդ տարի էր։ Կրկին ունենալու ենք առողջապահական ճգնաժամ, հնարավոր է՝ հիվանդանոցներում տեղեր չլինեն»,- նշեց Լամարա Մանուկյանը։
Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակների կրմանը, Լամարա Մանուկյանը նշեց, որ դիմակը կանխարգելում է վարակի տարածումը 50-70 տոկոսով։ Միակ պաշտպանիչ միջոցը դիմակն է ու հեռավորությունը, պաշտպանվելու այլ միջոց դեռևս չկա, չնայած շուտով կլինի երկրորդ տարին, որ հասարակությունն ապրում է կորոնավիրուսի հետ։
Այդուհանդերձ, նա շեշտեց, որ եթե մարդը նույնիսկ 100 տոկոսով կատարի վիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները, միևնույն է՝ չեն կարողանալու կանխել վիրուսի տարածումը։
«Նախ, պետք է հասկանանք մի բան, որ այն բոլոր մարդիկ, որոնք կորոնավիրուսի բացասական թեստ ունեն, հնարավոր է՝ իրենք անախտանիշ կորոնավիրուսով վարակված անձինք են, որոնք տարածում են վիրուսը։ Մենք մեծ թվով հիվանդներ ունենք, որոնք կորոնավիրուսի բացասական թեստ ունեն, անգամ թույլ ախտանիշներ չունեն ու մտածում են՝ ուղղակի մրսած են, այդ մարդիկ տարածում են վիրուսը։
Այս երկու տարվա մեջ այդ հարցն այդպես էլ չլուծվեց, որ մենք կորոնավիրուսի բացասական թեստով մարդուն, որն ունի վիրուսի ախտանիշներ, անգամ, եթե իրական կորոնավիրուսով վարակված չէ, դիտարկենք՝ որպես վարակված, և այդ մարդուն զերծ պահենք շփումից։ Մենք նախորդ տարի շատ հիվանդանոցներում ունեցանք դեպքեր, երբ բժիշկները վարակվեցին կորոնավիրուսով, կարծում եմ՝ այս տարի ևս կլինեն նման դեպքեր, երբ նույն բժիշկները կրկնավարակով նորից գնալու են նոր փուլ։
Եթե ընտանիքում կա կորոնավիրուսով հիվանդ, ապա ընտանիքի մյուս անդամները՝ անկախ գանգատներից ու ինքնազգացողություններից, եթե շփում են ունեցել, ապա նրանք ևս վարակված են կորոնավիրուսով, անգամ, եթե պահպանել են հակահամաճարակային կանոնները»,- հավելեց մասնագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այն մարդիկ, որոնք կորոնավիրուսով վարակվել են նույնիսկ երկու անգամ, կրկին վարակվելու ռիսկը չի նվազում։ Այս համատեքստում, նրա խոսքով՝ պետք է բոլորի հակամարմինները ստուգեն, հասկանան ու գնահատեն մարդու պաշտպանվածության աստիճանը։ Եթե հակամարմինները հինգ անգամ բարձր են նորմայից, մարդը չի կարող վարակվել, քանի որ այն բավականին մեծ թիվ է, որն ապահովում է վակցինացիան։
«Ես միշտ ասել եմ, որ յուրաքանչյուրս ամեն երեք ամիսը մեկ պետք է գնահատենք մեր հակամարմինների չափը, չնայած գիտեմ, որ սա ծախս է։ Մենք ունենք իմունային բջիջներ, որոնք հիշում են վիրուսը և վիրուսի ներթափանցման իսկ րոպեից միանգամից արտադրում են մեծ քանակի հակամարմիններ»,- ասաց Լամարա Մանուկյանը։
Անդրադառնալով երեխաների վրա «դելտա» շտամի ազդեցությանը, Լամարա Մանուկյանը նշեց, որ «դելտա» շտամն ախտահարում է ավելի երիտասարդ տարիքի անձանց, իսկ ավելի կոնկրետ՝ դեռահասներին։
«Մանկահասակները հիվանդանում են, և նրանց մոտ զարգանում է համակարգային բորբոքային ռեակցիան, այսինքն՝ բոլոր օրգան համակարգերում սկսում է զարգանալ բորբոքում, կոնկրետ միայն թոքերում չէ կամ մեկ այլ օրգանում։ Սա շատ նման է «կավասակիի» համախտանիշին, եթե այն զարգանում է, ապա կանխատեսումները շատ վատն են լինում։
Նշեմ նաև, որ պատվաստումը չի կանխարգելում վարակելիությունը, պատվաստվելուց 42 օր հետո միայն արտադրվում են հակամարմիններ»,- եզրափակեց Լամարա Մանուկյանը։
Զվարթ Խաչատրյան