Ճարպերի հարուստ պարունակությամբ սննդի օգտագործումը պատճառ է հանդիսանում առնետների ուղեղում մի խումբ նեյրոնների ակտիվացման համար, որոնք վերահսկում են հագեցվածության զգացումը, ինչը հանգեցնում է չափից շատ ուտելու եւ ճարպակալման զարգացման: Այս մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի մասնագետների նոր հետազոտության մեջ, որին վերաբերող հոդվածը հրապարակվել է The Journal of Physiology-ում։
Բրիստոլի եւ Յագելոնի համալսարանների գիտնականները փորձ են կատարել առնետների երկու խմբերի վրա՝ հավասարակշռված (որտեղ ճարպը կազմում է կալորիաների 10%-ը) եւ ճարպերով հարուստ (ավելի քան 70% կալորիա) սննդակարգերի միջոցով: Կրծողների սնունդը չորս շաբաթ շուրջօրյա վերահսկվել է:
Առնետների նեյրոնների ակտիվության էլեկտրոֆիզիոլոգիական դիտարկումները հետազոտողներին թույլ են տվել պարզել նրանց օրական ռիթմերի փոփոխությունները եւ սննդակարգի հետ կապված հորմոնների արձագանքը: Պարզվել է, որ ճարպերով հարուստ սննդակարգ ունեցող առնետների մոտ փոխվել է ինչպես թափառող նյարդի համակարգի ցերեկային ռիթմը, որը կարգավորում է հագեցվածությունը, այնպես էլ դրանց արձագանքը ախորժակի հետ կապված հորմոններին: Նեյրոնների ակտիվության գագաթնակետը երեկոյան է եղել: Հետազոտության ավարտին առնետները մեծ քաշ են հավաքել:
Գիտնականները նաեւ նկատել են, որ ճարպակալումը բթացնում է սննդի ընդունման օրական ռիթմերը եւ սննդի ընդունման հետ կապված հորմոնների արտազատումը:
Նշենք, որ ոչ բոլոր մասնագետներն են համաձայն այս հետազոտության արդյունքների հետ: Որոշ գիտնականներ պնդում են, որ ճարպակալումը զարգանում է ոչ թե սննդակարգում ճարպի ավելցուկի, այլ ածխաջրերի ավելցուկի պատճառով, ինչպես նաեւ այդ նյութերի համադրության հետեւանքով: